Եվրոպա

Դանիայի ԵՄ նախագահության առաջնահերթությունը կլինի Եվրոպայի անվտանգությունը և աջակցությունը Կիևին

3 րոպեի ընթերցում

Դանիայի ԵՄ նախագահության առաջնահերթությունը կլինի Եվրոպայի անվտանգությունը և աջակցությունը Կիևին

ԵՄ խորհրդում իր նախագահության ընթացքում Դանիայի համար հիմնական առաջնահերթությունը կլինի Եվրոպայի անվտանգությունը, որի հիմնական ուղղություններից մեկը կլինի Ուկրաինային երկարաժամկետ ռազմական աջակցությունը, ԵՄ-ի պաշտպանական պատրաստվածությունը և գործընկերների հետ համագործակցությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ  մասին հայտնել է թագավորության պաշտպանության նախարարությունը մամուլի հաղորդագրության մեջ:

Ընդհանուր առմամբ, Կոպենհագենն առանձնացնում է չորս առաջնահերթություն ԵՄ պաշտպանության և անվտանգության բնագավառում: Առաջինն առաջնահերթությունների ցանկում ռազմական օգնությունն է Ուկրաինային և դրա ուժեղացումը: 

«Նախագահության շրջանակներում կտարվի աշխատանք, որպեսզի ԵՄ-ի կողմից Ուկրաինային օգնությունն ուժեղանա և մշտապես հարմարեցվի երկրի կարիքներին», - նշված է հայտարարության մեջ:

Եվս մեկ առաջնահերթություն է մինչև 2030 թվականը եվրոպական պաշտպանության մարտական պատրաստվածության ապահովումը: 

«Մասնավորապես, հիմնական ուշադրությունը պետք է նվիրվի ԵՄ ներուժի լուրջ խնդրի լուծմանը, որը ծառացած է Եվրոպայի պաշտպանական արդյունաբերության հանդեպ: Բացի այդ, պետք է ամրապնդվի համագործակցությունը Եվրոպայի և Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերությունների միջև, և մենք պետք է դասեր քաղենք Ուկրաինայի փորձից», - նշել են Պաշտպանության նախարարությունում: 

Դանիան նաև հատուկ առանձնացնում է հիբրիդային սպառնալիքների նկատմամբ Եվրոպայի կայունության բարձրացման խնդիրը: 

«Եվրոպայում ռիսկերի և սպառնալիքների էականորեն  փոփոխված լանդշաֆտը պահանջում է ԵՄ կայունության և զսպման ունակության  ամրապնդում, հատկապես՝ հիբրիդային սպառնալիքների առումով», - ասվում է հաղորդագրության մեջ:

Դանիան մտադիր է շեշտը դնել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերային հարաբերությունների և համագործակցության վրա: «Որպես նախագահող երկիր՝ Դանիան կաշխատի ամրապնդել համագործակցությունը ԵՄ-ի և այլ միջազգային գործընկերների, ներառյալ ՆԱՏՕ-ի միջև», - ընդգծվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Թագավորության պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենը հուլիսի 16-ին Բրյուսելում Եվրախորհրդարանի նիստում կներկայացնի պաշտպանության և անվտանգության  բնագավառում Դանիայի առաջնահերթությունները ԵՄ-ում Դանիայի նախագահության շրջանում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում