Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՊՏՀ շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը

3 րոպեի ընթերցում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ողջունելով և շնորհավորելով շրջանավարտներին կյանքի կարևոր հանգրվանի՝ համալսարանական ուսումնառության ավարտի կապակցությամբ՝ նախագահ Խաչատուրյանը կարևորել է շարունակական կրթության և ինքնազարգացման նշանակությունը:

«Վստահ եմ, որ ձեր համար հուզումնալից օր է։ Վստահ եմ, որ այսօրվան երկար եք սպասել։ Երազանքները միշտ պահեք ձեր մեջ, ծրագրեր միշտ ունեցեք, բայց երբևիցե չհուսահատվեք, եթե դրանք իրականություն չեն դառնում այնպես, ինչպես դուք հիմա եք պատկերացնում։ Դրանք կարող են իրականանալ այլ կերպ, եթե շարունակեք սովորել, կրթվել, գիտելիքներ ձեռք բերել։ Սա ընդամենը սկիզբն է այն մեծ ճանապարհի, որը ձեզ դեռ սպասում է»:

Նախագահը շրջանավարտներին հորդորել է չվախենալ փոփոխություններից և մարտահրավերներից: Նախագահի խոսքով՝ մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որն արդեն իսկ որակվում է որպես մարդկային մտածողության հերթական հեղափոխություն:

«Այսօրվա վտանգը կամ մեր անհանգստությունը, միգուցե, այն է, որ ամբողջապես չենք պատկերացնում, թե ինչ հնարավորություններ է տալիս արհեստական բանականությունը։ Բայց պետք չէ վախենալ դրանից։ Դուք այն սերունդն եք, որը հնարավորություն է ունենալու այն օգտագործել ի բարօրություն մարդկության»։

Հանրապետության նախագահը հատկապես ընդգծել է ազատ խոսքի, տարբեր տեսակետների գոյության և առողջ երկխոսության կարևորությունը հասարակության զարգացման համար։

«Մեր Հանրապետության համար ձեր նման մարդիկ հարստություն են։ Դուք եք կերտելու մեր ապագան։ Ձեր հաջողություններից է կախված լինելու Հայաստանի Հանրապետության ապագան»։

Ըստ աղբյուրի՝ եզրափակելով ելույթը՝ նախագահը շնորհակալություն է հայտնել համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին, շրջանավարտների ծնողներին ու հարազատներին՝ նրանց մինչ այս պահը ուղեկցելու, գիտելիք ու աջակցություն տրամադրելու համար, մաղթել է խաղաղություն, անսպառ եռանդ, անձնական, մասնագիտական ու ստեղծագործական ձեռքբերումներ։

Այնուհետև, Հանրապետության նախագահը ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանի հետ դիպլոմներ է հանձնել բարձր առաջադիմությամբ աչքի ընկած շրջանավարտներին։

Նշվում է, որ միջոցառումից հետո նախագահ Խաչատուրյանը շրջայց է կատարել համալսարանի վերանորոգված և արդիականացված լսարաններում, ծանոթացել ստեղծված նոր հնարավորություններին։

Հայերեն Français Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն