Վահագն Խաչատուրյանն Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորել է Էմանուել Մակրոնին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Ազգային տոնի կապակցությամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած շնորհավորական ուղերձում ասվում է.
«Այս պատմական օրը Ֆրանսիան ընտրեց ազատության, մարդու իրավունքների գերակայության, հավասարության և ժողովրդավարության ուղին: Նման համամարդկային արժեքների վրա են հիմնված Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները:
Առանձնահատուկ երախտագիտությամբ եմ ընդգծում, որ Ձեր նախագահության օրոք հայ-ֆրանսիական բազմոլորտ և սերտ համագործակցությունը վերափոխվել է ռազմավարական երկխոսության:
Վերստին շնորհակալություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և Ձեզ` Հայաստանի ինքնիշխանության և ժողովրդավարության ամրապնդմանը, ինչպես նաև մեր տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանն ուղղված Ձեր անձնական ջանքերի ու շարունակական աջակցության համար»: