Իրավունք

Համագործակցությունը Չինաստանի հետ ընդլայնվում է․ Արփինե Սարգսյանն ընդունել է Լի Սինվեյին

2 րոպեի ընթերցում

Համագործակցությունը Չինաստանի հետ ընդլայնվում է․ Արփինե Սարգսյանն ընդունել է Լի Սինվեյին

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ Արփինե Սարգսյանը, ողջունելով դեսպանին, շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք ու հաջողություններ դիվանագիտական առաքելության ընթացքում։ 

ՀՀ ՆԳ նախարարը բարձր է գնահատել Հայաստանի և Չինաստանի բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով դրանց շարունակական զարգացման և խորացման միտումը։

Արփինե Սարգսյանը նշել է, որ ՀՀ Ներքին գործերի նախարարության և Չինաստանի հասարակական անվտանգության նախարարության միջև համագործակցությունը ձեռք է բերում նոր որակ և ունի ընդլայնման ներուժ։

Նախարարն, անդրադառնալով տարածաշրջանային և գլոբալ կապերի զարգացմանը միտված նախաձեռնություններին, ընդգծել է, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» և Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունները վստահորեն համադրելի են՝ խթանելու փոխադարձ շահերի վրա հիմնված համագործակցությունը:

Դեսպան Լի Սինվեյը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և բարձր գնահատել ՆԳ նախարարության գործունեությունը՝ հատկապես ներքին կայունության ապահովման և միգրացիոն քաղաքականության ոլորտում։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները հանցավորության դեմ պայքարի, ճանապարհային անվտանգության, աղետների ռիսկի կառավարման և միգրացիոն քաղաքականության ոլորտներում։

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու և խորացնելու փոխշահավետ համագործակցությունը՝ ի նպաստ երկու ժողովուրդների անվտանգության և բարօրության։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում