Քաղաքականություն

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնին

3 րոպեի ընթերցում

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ողջունելով հյուրին՝ նախագահը նշել է. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ և դեսպանատանը կատարած աշխատանքի համար վերջին հինգ տարիների ընթացքում։ Ձեր հետևողական ու նվիրված գործունեությամբ Դուք նշանակալի ներդրում եք ունեցել Հայաստանի և Շվեդիայի միջև հարաբերությունների ամրապնդման գործում»:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ խոսքերի համար: «Սա հրաժեշտի հանդիպում է, և վերջին շաբաթները իմ կյանքի բավականին հուզիչ ու զգայական փուլ են։ Մեծ պատիվ և հաճույք էր ինձ համար ապրել և աշխատել Հայաստանում վերջին հինգ տարիների ընթացքում։ Հայաստանը հրաշալի երկիր է՝ բացառիկ մարդկանցով։ Ես արժանացել եմ մեծ պատվի՝ սովորել, ճանաչել և համագործակցել բազմաթիվ հիանալի հայերի հետ»,- ասել է դեսպանը:

Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են Հայաստան-Շվեդիա հարաբերությունների զարգացմանը վերաբերող երկկողմ օրակարգային մի շարք հարցեր՝ ընդգծելով քաղաքական երկխոսության ակտիվացման և տարբեր ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։

Նախագահը բարձր է գնահատել ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումներին Շվեդիայի երկարամյա աջակցությունը՝ ընդգծելով հատկապես կառավարման թափանցիկության, իրավունքի գերակայության, քաղաքացիական հասարակության դերակատարության ընդլայնման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում շվեդական փորձի կիրառման արժեքավորությունը։

ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկացմամբ՝ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններին քաղաքական, տնտեսական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։ Նշվել է, որ երկու երկրների միջև տնտեսական կապերի զարգացման համար առկա է զգալի չօգտագործված ներուժ, մասնավորապես, ներդրումային ծրագրերի, նորարարական տեխնոլոգիաների փոխանակման և թվային հատվածի համատեղ նախաձեռնությունների միջոցով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում