Քաղաքացին կտուգանվի, եթե իր գործողությունների հետևանքով առաջանան անտառային հրդեհներ
4 րոպեի ընթերցում

Հանրապետությունում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում բուսածածկ և խոտածածկ տարածքներում հրդեհների թիվը նկատելի ավելացել է։
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ փ\ծ գնդապետ Բագրատ Վարդազարյանը նշեց, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում հանրապետությունում գրանցվել է հրդեհի 2096 դեպք, նախորդ տարի՝ 787։
«Սա հիմնականում մարդկային գործոնով է պայմանավորված։ Մարզերի կտրվածքով ներկայացնեմ, օրինակ, եթե Արարատի մարզում այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է 386 դեպք, 2024 թվականի առաջին կիսամյակում այդ թիվը եղել է 192, այսինքն, երկու անգամ ավելացել է։ Տավուշի մարզում այս տարի գրանցվել է 281, նախորդ տարի 72, գրեթե 4 անգամ ավելացել է։ Անտառային հողերի հրդեհների մասով ևս նկատելի աճ ունենք։ Նախորդ տարի գրանցվել է 5, այս տարի 20»,-ասաց Բագրատ Վարդազարյանը։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկություն տարածեց այն մասին, որ Արարատի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Բագրատ Վարդազարյանը տեղեկացրեց, որ նախորդ տարվանից ունեն ներդրված համակարգ, որի միջոցով Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը sms հաղորդագրության միջոցով իրազեկում է մարզային պատկան մարմիններին, որպեսզի կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկվեն։
Անտառային տարածքներում հրդեհների կանխարգելման, ինչպես նաև հրդեհի բռնկման դեպքում արագ արձագանքելու գործում իր ներդրումն է ունենալու նորաստեղծ Էկոպարեկային ծառայությունը։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հաշվարկի և վերլուծության վարչության պետ Էդուարդ Կարապետյանը նշեց, որ կանխարգելիչ աշխատանքները մի քանի ուղղություններով են՝ իրազեկում, պատասխանատվություն, տեխնիկական հագեցվածություն։
«Ծառայությունը համալրվել է հակահրդեհային գույքով։ Օրինակ, Սյունիքի մարզային վարչությունը ապահովված է ամենագնաց մեքենաներով՝ կահավորված հատուկ համակարգով՝ 500 լ տարողությամբ ջրի բաքերով, բարձր ճնշման պոմպերով, ռետինե խողովակներով։ Քանի որ անտառային ճանապարհները դժվարանցանելի են, մասնագիտացված տեխնիկան դժվար է կարողանում մոտենալ հրդեհի օջախի տարածք, այդ առումով գործընթացը կազմակերպվելու է ամենագնաց մեքենաներով»,-ասաց Էդուարդ Կարապետյանը։
Մասնագետը նշեց, որ եթե քաղաքացու գործողություններով պայմանավորված անտառային տարածքում հրդեհ բռնկվի, ապա օրենքով նախատեսված է տուգանք 200 հազար դրամի չափով։ Հետևաբար, հակահրդեհային նորմերի պահպանումը օրենքով պարտադիր է բոլոր քաղաքացիների համար։
«Եթե գտնվում եք բնության գրկում ցանկանում եք խարույկ վառել, ապա դա պետք է անել դրա համար հատուկ նախատեսված հատվածում։ Ավարտին անպայման պետք է համոզվել, որ կրակը մարվել է, պետք է կուտակված աղբը պարտադիր հավաքել, ապակե տարաներ չթողնել»,- նշեց նա։
Էդուարդ Կարապետյանն ընդգծեց, որ անտառային տարածքներում հրդեհների հասցրած վնասը բավական մեծ է լինում։ Այն մեծ վնաս է հասցնում էկոհամակարգին, իսկ վերականգնումը լինում է դժվար ու դրա համար պահանջվում է երկար ժամանակ։