ՀՀ նախագահը հանդիպել է Առևտրի միջազգային պալատի գլխավոր քարտուղարի հետ
2 րոպեի ընթերցում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման համաժողովի շրջանակներում հանդիպել է Առևտրի միջազգային պալատի (ICC) գլխավոր քարտուղար Ջոն Դենթոնի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։
Հանդիպմանը մասնակցել է նաև Միջազգային առևտրի պալատի հայաստանյան ազգային կոմիտեի Գործադիր խորհրդի անդամ, Առևտրի և ներդրումային հանձնաժողովի նախագահ Հայկ Մարգարյանը:
Առևտրի միջազգային պալատը (ICC) աշխարհի խոշորագույն բիզնես կազմակերպությունն է, որը ներկայացնում է ավելի քան 45 միլիոն ընկերություն՝ 170-ից ավելի երկրներում։ 1919 թվականից ի վեր ICC-ն խթանում է միջազգային առևտուրը, պատասխանատու բիզնես վարքագիծը և գլոբալ կարգավորումները՝ ռազմավարական շահերի պաշտպանությամբ, կանոնների ձևավորմամբ և վեճերի լուծմամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի բիզնես միջավայրին վերաբերող հարցեր։ Հանրապետության նախագահը մասնավորապես անդրադարձել է Հայաստանում ներդրումների ներգրավման, առևտրի զարգացման և ստանդարտացման հարցերին, ինչպես նաև ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։
Զրույցի ընթացքում Ջոն Դենթոնը շեշտել է իր պատրաստակամությունը Հայաստանում կայանալիք COP 17 ՄԱԿ Կենսաբազմազանության համաժողովի կազմակերպման և անցկացման գործընթացում հնարավոր աջակցության ցուցաբերման հարցում։