Չինական Տյանցզինի «խելացի» նավահանգիստը գործում է ամբողջապես ավտոմատացված համակարգով՝ բացառելով վնասակար արտանետումները
4 րոպեի ընթերցում

Չինաստանի խոշորագույն ծովային հանգույցը՝ Տյանցզինի նավահանգիստը, տպավորիչ, նոր սերնդի նավահանգստային ենթակառուցվածք է, որը համատեղում է ժամանակակից լոգիստիկ գործընթացների ամբողջական ավտոմատացումն ու ածխածնային արտանետումների զրոյական մակարդակը:
«Արմենպրես»-ի թղթակիցը չինական CGTN մեդիակորպորացիայի կողմից կազմակերպված ճամփորդության շրջանակներում այցելել է Տյանցզինի ամբողջությամբ ավտոմատացված համակարգով գործող նավահանգիստ և ծանոթացել տեղի տեխնոլոգիական առաջադեմ նորամուծություններին ու գործունեությանը:
Առաջին հայացքից աչքի ընկնողն այն էր, որ նույնիսկ բավականին բարդ եղանակային պայմաններում աշխատանքը կանգ չի առնում: Նավահանգստի աշխատակիցները հարմարավետ աշխատանքային պայմաններում, աշխատասենյակներից հեռավար եղանակով կառավարում են ամբողջ լոգիստիկ գործընթացը: Ընդ որում՝ բեռնարկղները տեղափոխող քարշակները նույնիսկ առանց վարորդների են:
Նավահանգստային այս տերմինալը շահագործման է հանձնվել 2021 թվականի հոկտեմբերին: Այն ներկայում հանդիսանում է որպես օրինակ այն բանի, որ վտանգավոր արտանետումների վերացումն ու արտադրական բարձր արդյունավետությունը իրարամերժ հասկացություններ չեն, այլ ընդհակառակը՝ խթանող գործոններ:
Տերմինալի բոլոր արտադրական գործընթացները, ներառյալ՝ բեռնման և բեռնաթափման աշխատանքները, ներքին տեղաշարժերը և օժանդակ ենթակառուցվածքի էներգամատակարարումը, գործում են բացառապես վերականգնվող աղբյուրներից ստացված էներգիայով ՝ քամու գեներատորներից և արևային վահանակներից: Այս հանգամանքը թույլ է տալիս բացառելու ածխաթթու գազի բավականին մեծածավալ արտանետումը մթնոլորտ, ինչը տեղի կունենար աշխատանքներն էներգիայի ավանդական աղբյուրների միջոցով իրականացնելու պարագայում:
Նախագծի ինժեներա-գործառնական մասը հիմնված է ժամանակակից տեխնոլոգիական լուծումների համադրման վրա՝ արհեստական բանականություն, մեքենայական տեսողություն, արբանյակային նավիգացիա, 5G ցանցեր, ինչպես նաև տեղայնացված թվային կառավարման համակարգ: Ներնավահանգստային լոգիստիկան իրականացվում է ինքնավար քարշակների օգնությամբ։ Կռունկների կառավարումը ևս իրականացվում է ավտոմատացված համակարգերի միջոցով, որոնք կարող են իրական ժամանակում բացահայտել տարաների տեսակներն ու գտնվելու վայրը՝ ապահովելով գործողությունների ճշգրտությունը:
«Խելացի» կառավարման կենտրոնացված համակարգը իրական ժամանակում վերլուծում է բեռների հոսքերը, եղանակային պայմանները, տերմինալի ծանրաբեռնվածությունը և ապահովում երթուղիների ու երթևեկության գրաֆիկների օպերատիվ հարմարեցումը ՝ նվազեցնելով խափանումների ռիսկը, բարձրացնելով տերմինալի ընդհանուր արդյունավետությունը:
Ինչպես նշում են նավահանգստի աշխատակազմի ներկայացուցիչները՝ նավերի սպասարկումն այստեղ իրականացվում է 20-40 տոկոսով ավելի արագ, քան համեմատելի դասի ավանդական նավահանգիստներում:
Հատկանշական է, որ ավտոմատացման բարձր մակարդակի պայմաններում էլ գործունեության արդյունավետության համար շարունակում են առանցքային դեր ունենալ որակավորված օպերատորները, տեխնիկական մասնագետները, ինժեներներն ու ծրագրավորողները:
Տերմինալի ենթակառուցվածքային բազան ներառում է երեք ծովային նավամատույց, որոնցից յուրաքանչյուրը կարող է սպասարկել մինչև 200,000 տոննա տարողությամբ կոնտեյներային նավեր:
Տյանցզինի նավահանգիստը հանդես է գալիս որպես նոր սերնդի նավահանգստային համալիրի մոդել, որը համապատասխանում է կայուն զարգացման պահանջներին, միջազգային բարձր ստանդարտներին և էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված խնդիրների լուծմանը: