Վրաստան

Վրաստանում երկու ընդդիմադիր քաղաքական գործիչ հացադուլ է հայտարարել

2 րոպեի ընթերցում

Վրաստանում երկու ընդդիմադիր քաղաքական գործիչ հացադուլ է հայտարարել

Միանգամից երկու քաղաքական գործիչ՝ «Փոփոխությունների համար կոալիցիայի» առաջնորդ Էլենե Խոշթարիան և «Վրացական երազանքի» նախկին անդամ, ընդդիմադիր Գեդևան Փոփխաձեն հացադուլ են հայտարարել՝ բողոքելով իշխանությունների կողմից ընդդիմադիր գործիքչներին կալանավորելու դեմ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ մանրամասնելով, որ հացադուլ իրականացնող ակտիվիստներն իրենց բողոքի վայր են ընտրել խորհրդարանի շենքի մոտ գտնվող տարածքը։

«Այժմ, երբ ռեժիմը նոր հարձակում է սկսել և, ըստ էության, կալանավորել է բոլոր քաղաքական գործիչներին, ես ուզում եմ հայտարարել իմ պայքարի նոր ձևի մասին։ Այս ձևը ո՛չ զգացմունքային է, ո՛չ էլ անմտածված, սա հաղթանակի ուղղված պայքար է։ Ես հացադուլ եմ սկսում Ռուսթավելի պողոտայում։ Ես չեմ շարժվի այստեղից։ Այս հացադուլը ինքնազոհաբերության հուսահատ քայլ չէ։ Սա վճռական որոշում է»,- ասել է Խոշթարիան։ 

Նշվում է, որ ակտիվիստներին են միացել նաև այլ անձինք։ Թբիլիսիի Ռուսթավելի հրապարակում նրանք քնապարկերով վրան են տեղադրել։

Վրացական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ սա Խոշթարիայի երկրորդ հացադուլն է. 2021 թվականի նոյեմբերին նա հացադուլ է հայտարարել դատապարտված Սաակաշվիլիի հետ համերաշխության ոգով, որը տևել է 17 օր։ 

Էլենե Խոշթարիան «Փոփոխությունների համար կոալիցիայի» չորս առաջնորդներից միակն է, որը գտնվում է ազատության մեջ։ Զուրաբ Ջափարիձեն և Նիկա Մելիան դատապարտվել են 7 և 8 ամսվա ազատազրկման՝ խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում