Քաղաքականություն

Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

2 րոպեի ընթերցում

Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեի գլխավորած պատվիրակությունը հունիսի 23-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տարածած հաղորդագրությունից, փոխտնօրենը հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Նա անդրադարձ է կատարել նաև անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Երկու երկրների պաշտոնյաները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը պատվավոր հյուրին է նվիրել Հայոց ցեղասպանության մասին գրքեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում