ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու վրացի պատգամավորը քննարկել են մշակույթի ոլորտում հետաքրքրություն ներկայացնող հարցեր
3 րոպեի ընթերցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունիայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, նախարար Անդրեասյանը կարևորել է Հայաստան-Վրաստան պատմականորեն ձևավորված բարեկամական համագործակցությունը։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման համար անհրաժեշտ է ընդլայնել համատեղ ծրագրերը՝ հատկապես կրթության և մշակույթի ոլորտներում։
Նախարարը կարևորել է երկու երկրներում անցկացվող մշակութային միջոցառումները՝ ընդգծելով հունիսի 5-7-ը Հայաստանում կազմակերպված Վրաստանի մշակույթի օրերը։
Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունիան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության, ինչպես նաև Վրաստանի մշակույթի օրերի պատշաճ կազմակերպմանն աջակցելու համար։ Նշելով երկու երկրների մշակութային համագործակցության ներուժը՝ Գաբունիան կարևորել է ստեղծագործական խմբերի, նկարիչների, երաժիշտների, կինոգործիչների և ճարտարապետների միջև մշակութային պատվիրակությունների կանոնավոր փոխանակումը։
Գաբունիան անդրադարձել է նաև Թբիլիսիում գործող Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի վերակառուցման աշխատանքներին՝ նշելով, որ Վրաստանի կառավարությունը շարունակելու է ներդրումներ կատարել համատեղ մշակութային ժառանգության պահպանման ու զարգացման ուղղությամբ։
Ժաննա Անդրեասյանը երախտագիտությունն է հայտնել հայկական թատրոնի ենթակառուցվածքային պայմանների բարելավմանն ուղղված աշխատանքների համար՝ ընդգծելով, որ ԿԳՄՍ նախարարությունը ևս շարունակում է աջակցել թատրոնին՝ ներկայացումների կազմակերպման և այլ նախաձեռնությունների իրագործման հարցում։
Նախարարն անդրադարձել է նաև նախորդ տարի հայ և վրացի կատարողների մասնակցությամբ Իջևանում անցկացված «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնին, որը մեծ հետաքրքրություն էր առաջացրել նաև Վրաստանում:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։ Մասնավորապես՝ քննարկվել է ուսանողների և դասախոսների ակադեմիական շարժունության ծրագրերի իրականացման հնարավորությունը՝ ուղղված երկու երկրների կրթագիտական կապերի խորացմանը։