Աղքատության նվազման միտումը շարունակական բնույթ կունենա. ֆինանսների նախարար
1 րոպեի ընթերցում

Հայաստանի տնտեսական դրական զարգացումները սկսել են անդրադառնալ սոցիալական ցուցանիշների վրա։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ընթացքում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նախարարի խոսքով՝ 2023 թվականին աղքատության մակարդակը նվազել է 1,1 տոկոսային կետով՝ զուգահեռաբար մեղմելով նաև եկամուտների անհավասարության աստիճանը։ Աղքատության խորության ցուցանիշը ևս բարելավվել է՝ գրանցելով 0,3 տոկոսային կետով նվազում։
«Բացի այդ, աղքատության սրության անհավասարությունը պահպանվել է հարաբերականորեն կայուն մակարդակում։ Դրական տեղաշարժեր ենք արձանագրել նաև բազմաչափ աղքատության և հարաբերական աղքատության ցուցանիշներում՝ համապատասխանաբար 3,4 և 0,9 տոկոսային կետով նվազման հաշվին։ Ծայրահեղ աղքատությունը նույնպես նվազել է՝ 0,1 տոկոսային կետով։ Ընդ որում, ընթացիկ դրական զարգացումները հնարավորություն են տալիս ենթադրել, որ աղքատության նվազման միտումը կկրի շարունակական բնույթ»,– ասաց Հովհաննիսյանը։