Հարկերից խուսափելը հնարամտություն չէ, այլ արատ, որը թուլացնում է պետության հիմքերը. ֆինանսների նախարար
2 րոպեի ընթերցում

Պետական բյուջեն միայն թվերի մասին չէ, այլ յուրաքանչյուր քաղաքացու՝ իր պետության կառուցման գործում ունեցած մասնակցության։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում 2024 թվականի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարկային մշակույթին, պետականության կենսունակությանը, ստվերային տնտեսության հետևանքներին և արդար հարկային համակարգի անհրաժեշտությանը։
«Բյուջեի ձևավորման մասնակիցը բոլորս ենք`առանց բացառության։ Հայաստանի Հանրապետությունում բյուջեի ձևավորումը ամեն մեկի մասնակցային պատասխանատվությունն է։ Հայաստանի Հանրապետությունում չկա գոնե մեկ մարդ, որը հարկ չի վճարում, հակառակն անհնար է», – նշեց նա։
Նախարարը հատուկ շեշտեց, որ հարկերից խուսափելն այլևս չպետք է ընկալվի որպես հնարամտություն։
«Սա մեծ արատ է, չափազանց մեծ արատ, որը թուլացնում է պետության հիմքերը, թույլ չի տալիս շարժվել այն ուղղությամբ, որը կապահովեր կայուն պետություն ունենալու առաջնահերթությունը»,- ընդգծեց նա։
Նա նշեց, որ օրական անգամ մի քանի հազար դրամի չվճարված հարկը վնասում է ոչ միայն հանրությանը, այլ հենց «գողացողին»՝ խաթարելով նրա իսկ առողջության, հաջողության և բարեկեցության հեռանկարը։
Հովհաննիսյանը առանձնացրեց շինարարության ոլորտը՝ նշելով, որ այնտեղ գործում են խմբեր, որոնք ծառայություններ են մատուցում առանց հաշվառման և իրավական գրանցման։
«Նման գործունեությունը քրեորեն հետապնդելի արարք է՝ պատիժը ընդհուպ ազատազրկում։ Մեր պարտականությունը հարկային ստվերը կրճատելն է ոչ միայն բյուջեի ֆինանսավորումն ապահովելու համար, այլև նախ և առաջ հարկ վճարողների իրավունքները պաշտպանելու, հասարակության մեջ արդարության զգացումը ապահովելու և շոշափելի դարձնելու համար,- ասաց նա։
Նախարարը վստահություն հայտնեց, որ թվայնացման և արհեստական բանականության գործիքների կիրառման ընդլայնմամբ հնարավոր կլինի ավելի արդյունավետ բացահայտել հարկերից խուսափման դեպքերն ու ապահովել համարժեք պատասխանատվություն։