5 րոպեի ընթերցում
Ամեն րոպե ինչ-որ մեկն աշխարհում կարիք ունի արյան, իսկ յուրաքանչյուր արյունատվությունը կարող է փրկել մինչև երեք մարդու կյանք։ Հունիսի 14-ը նշվում է որպես Արյան դոնորի միջազգային օր՝ որպես երախտագիտություն այն մարդկանց, որոնք առանց ակնկալիքների նվիրաբերում են իրենց արյունը։
Այս օրը ոչ միայն հարգանքի տուրք է կամավոր դոնորներին, այլ նաև հիշեցում, որ արյան մշտական պաշարների ապահովումը կախված է յուրաքանչյուրիս պատրաստակամությունից։
16-ամյա Արթուր Նիկողոսյանը մեկն է բազմաթիվ երեխաներից, որ առողջացել է հոգատար ու պրոֆեսիոնալ բժիշկների և արյան դոնորների շնորհիվ: Հիվանդության մասին Արթուրը իմացել է 13 տարեկանում, և չէր էլ պատկերացնում, որ կյանքի 2 տարին անցկացնելու է արյունաբանական կենտրոնում՝ հաղթահարելով մի շարք դժվարություններ:
«Սկզբից մի փոքր դժվար էր, բայց կարողացա ընտելանալ, ձեռք բերեցի ընկերներ և ինձ զգում էի ինչպես տանը, նույնիսկ չզգացի, թե ինչպես անցան այդ երկու տարիները, ավարտեցի բուժումս ու վերադարձա տուն»,- ասաց Արթուրը:
Չնայած դժվարություններին՝ Արթուրը չի դադարել երազել և ապագայի պլաններ կազմել. որոշել է՝ սովորելու է ծրագրավորում և իրականացնելու է իր մանկության ամենամեծ երազանքը՝ դառնալ հայտնի դիջեյ: Իսկ երազանքն իրականություն դարձնելու առաջին քայլերն արդեն արել է:
Արթուրը չի մոռանում նաև հիվանդության հաղթահարման ճանապարհին իրեն աջակցողներին ու նշում՝ յուրաքանչյուր արյան դոնոր նոր կյանք է նվիրել իրեն:
Բուժման այդ բարդ ու երկար փուլն Արթուրի հետ հաղթահարած, «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի՝ Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի արյունաբան Գրիգոր Վարդանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց՝ տղայի մոտ ախտորոշվել էր սուր լիմֆոբլաստային լեյկոզ, որը երեխաների շրջանում ամենահաճախ հանդիպող ուռուցքային հիվանդություններից է: Ու, ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում նույնպես բուժումն իրականացվում է քիմոթերապիայի միջոցով:
«Բուժման ընթացքում ունեցել ենք լուրջ դժվարություններ։ Հատկապես սկզբնական փուլում, երբ հիվանդությունը նոր ախտորոշվել էր, ունեցանք լուրջ բարդություններ թրոմբոզների հետ կապված, բայց Արթուրը կարողացավ հաջողությամբ հաղթահարել բուժումը և հիմա արդեն զուտ հսկվում է մեր կողմից»,- ասաց բժիշկը:
Խոսելով արյունատվության կարևորության մասին՝ մասնագետը նշեց, որ հնարավոր չէ բուժել արյան չարորակ հիվանդություններն առանց արյան փոխներարկումների:
«Փոխներարկումային բժշկությունը արյունաբանական հիվանդությունների բուժման կարևորագույն մաս է, և այստեղ արդեն խիստ կարևորվում է արյունատվությունը, որն ամբողջ աշխարհում համարվում է բարեգործական, կամավորական ակցիա: Շատ հաճախ տարբեր երկրներում երկրի կենսամակարդակը բնութագրելիս՝ նշում են, թե ինչ տոկոս է այնտեղ կազմում արյունատվությունը: Արյունատվությունը դոնորի համար վնաս չէ, և մեկ անգամ ևս կշեշտեմ, որ յուրաքանչյուրի փոքր քայլը կարող է լինել մեկ ուրիշի մեծ ապագայի սկիզբը»,- ասաց արյունաբանը:
Մանկական քաղցկեղի դեմ ամենօրյա ռեժիմով պայքարող արյունաբանը հորդորեց՝ յուրաքանչյուրը, ով չունի բժշկական հակացուցումներ, կյանքում գոնե մեկ անգամ պետք է հանձնի արյուն:
Կարևորելով արյան պաշարների խիստ անհրաժեշտությունը՝ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնը նոր շենքային պայմաններով ու ժամանակակից սարքավորումներով է վերազինել արյան բանկը:
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան բաղադրամասերի և պատրաստուկների տրամադրման բաժանմունքի վարիչ Արմինե Ստեփանյանն ընդգծեց՝ տարեցտարի ավելանում է արյան պահանջարկը, և ժամանակակից կենտրոն ունենալը մեծ անհրաժեշտություն էր:
«Շատ անհրաժեշտ էր, որ մենք ունենայինք միջազգային ստանդարտներին համապատասխանող սարքավորումներ, որպեսզի կարողանայինք նույն անալիզներն ու հետազոտությունները կատարել, որոնք կատարվում են ամբողջ աշխարհում»,- ասաց բաժանմունքի վարիչը:
Արմինե Ստեփանյանը նշեց՝ վերջին տարիներին իրականացվող տարբեր արշավների շնորհիվ Հայաստանում նկատվում է արյունատվության թվի աճ. վերջին վեց ամսվա ընթացքում հավաքագրվել է ավելի շատ արյան պաշար, քան մոտ հինգ տարի առաջ՝ մեկ տարվա ընթացքում: