Հայաստան

Ճամբարակում տեղի ունեցած պայթյունի պատճառը նախնական տվյալներով գազի արտահոսքն է

2 րոպեի ընթերցում

Ճամբարակում տեղի ունեցած պայթյունի պատճառը նախնական տվյալներով գազի արտահոսքն է

Ճամբարակում հունիսի 11-ին տեղի ունեցած ողբերգական պայթյունի պատճառը, ըստ նախնական տվյալների, եղել է կուտակված գազի պայթյունը։ Դեպքի հետևանքով գրանցվել է 5 զոհ, 12 մարդ հոսպիտալացվել է։ Վերջիններիս առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանցից մեկն արդեն դուրս է գրվել։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության հունիսի 12-ի նիստում այս մասին տեղեկացրեց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։

«Նախնական պարզվել է, որ գազի արտահոսքի հետևանքով կուտակված գազի պայթյուն է տեղի ունեցել։ Շենքը մասնակի փլուզվել է։ Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ներգրավվել է 282 փրկարար ծառայող»,-հայտնեց Մկրտչյանը։ 

Նրա խոսքով՝ շենքի սեյսմիկ և կառուցվածքային գնահատում արդեն իրականացվել է։  

«Թեև որոշ բնակարաններ կարելի է օգտագործել, բնակիչներն առայժմ չեն վերադարձել՝ անվտանգության նկատառումներով։ Մարզպետարանի, համայնքի և ՏԿԵ նախարարության մասնակցությամբ բնակիչներին տրամադրվել են ժամանակավոր կացարաններ և անհրաժեշտ աջակցություն։ 

Այս պահին առանց օթևանի մնացած քաղաքացիներ չունենք», – ընդգծեց ՆԳ փոխնախարարը։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ։ Տեղի է ունենում ամբողջական վնասների գնահատում, և հնարավոր փոխհատուցումների հարցը կքննարկվի փաստերի հստակեցումից հետո։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորին ցավակցություն հայտնեց զոհվածների հարազատներին՝ ընդգծելով, որ նման ողբերգական դեպքերը կանխելու համար անհրաժեշտ է բարձրացնել անվտանգության և տեխնիկական ստանդարտների մակարդակը։ 

«Ստանդարտների առկայությունն ու դրանց իրականացումն է, որ մեզ թույլ կտա կամ խուսափել կամ նվազագույնի հասցնել նման դեպքերը։ Պետք է շարունակաբար աշխատել այդ ուղղությամբ»,-ընդգծեց վարչապետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում