Վրաստանն ու Հունգարիան տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանն ուղղված հուշագրեր են ստորագրել
2 րոպեի ընթերցում

Հունգարիայի և Վրաստանի վարչապետեր Վիկտոր Օրբանի և Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ Բուդապեշտում անցկացվել է վրաց-հունգարական միջկառավարական հանձնաժողովի նիստ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ մանրամասնելով, որ Վրաստանի վարչապետը կառավարական պատվիրակության հետ միասին հունիսի 11-12-ը պաշտոնական այցով գտնվում է Հունգարիայում։
Հաղորդվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը ստորագրել են գյուղատնտեսության, էներգետիկայի, մշակույթի, նորարարության և սպորտի ոլորտներում համագործակցության համաձայնագրեր:
«Մեզ համար շատ կարևոր է տնտեսական և առևտրային հարաբերությունների հետագա զարգացումը։ Այս ուղղությամբ մենք նույնպես շատ լավ դինամիկա ունենք, բայց մենք ունենք ավելի շատ ռեսուրսներ։ Մեր շահերից է բխում անել ամեն ինչ՝ այս ներուժը լիարժեք զարգացնելու համար»,-Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպման ժամանակ ասել է Կոբախիձեն։
Վերջինս նաև նշել է, որ Վրաստանը շատ հետաքրքրված է բոլոր ոլորտներում համագործակցության հետագա խորացմամբ։
«Դրա համար շատ կարևոր է, որ մեր երկկողմ հանձնաժողովի ոլորտային ձևաչափերն էլ ավելի զարգանան։ Եվ մենք ցանկանում ենք այս ուղղությամբ համագործակցությունն էլ ավելի խորացնել», - ասել է Կոբախիձեն։
Իր հերթին, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նշել է, որ Վրաստանի հետ համագործակցությունը մեծ պատիվ է Հունգարիայի համար։
«Ձեր այցը մեծ արտոնություն է մեզ համար՝ երկրում ունեցած արդյունքների պատճառով։ Եվրոպական տնտեսությունը հիմա մեծապես տուժում է։ Եթե մեկի տնտեսական աճը գերազանցում է 1%-ը, դա արդեն մեծ նվաճում է։ Հետևաբար, ձեր 7%-անոց աճը գալակտիկական երևույթ է», - ասել է Օրբանը։