Սփյուռք

ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

3 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում ընդունել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը կարևորել է «իԳործ» ծրագրի իրականացումը և նշել, որ ավանդական դարձած այս  հանդիպումները տալիս են տարբեր հարցեր քննարկելու, պետական կառավարման համակարգի, Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին տպավորություններով կիսվելու հնարավորություն:  

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ծրագրի լավարկումը  կարող է տեղի ունենալ  նախարարությունների և ծրագրի մասնակիցների տպավորությունների, առաջարկությունների, դիտողությունների հիման վրա, երբ նրանք կխոսեն ծրագրի առավելությունների և թերությունների մասին: 

«Համոզված եմ, որ մենք այդ ճանապարհով էլ գնում ենք»,- ասել է երկրի ղեկավարն՝ ընդգծելով ծրագրի միջոցով  պետական կառավարման համակարգ նոր հայացք, նոր գաղափարներ բերելու կարևորությունը: 

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին ծրագրի մասնակիցներին հյուրընկալելու համար և մանրամասներ ներկայացրել ծրագրի վերաբերյալ:  Նշվել է, որ այս տարի ծրագրին մասնակցում են 9 երկրներից՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Իրան, Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Լիբանան, Հունգարիա, Ղազախստան և Ուկրաինա: Ծրագրի մասնակիցներն աշխատում են կրթության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների, էկոնոմիկայի, քաղաքաշինության, շրջակա միջավայրի և այլ բնագավառներում։ 

Զարեհ Սինանյանը նշել է, որ չնայած ծրագիրը մշակելու ընթացքում իրենց առջև խնդիր էին դրել ապահովել հայրենադարձության 25%-ի թիրախ, սակայն վերջին տարիների ընթացքում «իԳործ» ծրագիրն ավարտած մասնակիցների 70%-ը մնացել է Հայաստանում: 

Ծրագրի մասնակիցները շնորհակալություն են հայտնել ՀՀ Կառավարությանը՝ «իԳործ»-ի շրջանակում պետական տարբեր գերատեսչություններում աշխատելու հնարավորություն տալու համար: Նրանք կիսվել են իրենց տպավորություններով,  ներկայացրել առաջարկություններ: 

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք վերաբերել են շրջակա միջավայրին, «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին, ապակենտրոնացմանը, տարածաշրջանային գործընթացներին, «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, Իրական Հայաստանի գաղափարախոսությանը, ՀՀ Կառավարության բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությանը և այլ թեմաների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում