Հայաստան

ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում կատարված բարեկարգման աշխատանքներին

2 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում կատարված բարեկարգման աշխատանքներին

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են Հայաստանի պետական ֆիլհարմոնիա՝ տեղում ծանոթանալու կառույցում պետական աջակցությամբ իրականացված վերազինման աշխատանքներին և ծրագրերին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյանի ուղեկցությամբ շրջել է համերգասրահի տարածքում: Նախարարին ներկայացվել է նորացված դահլիճը՝ փոխված աթոռներով, նոր «Սթենվեյ» ռոյալով, լուսային և ձայնային համակարգով: Տնօրենի տեղեկացմամբ` արդեն մի քանի տարի է՝ վերաբացվել են շենքի երկու ճեմասրահները, որոնցում մշտապես կազմակերպվում են ցուցահանդեսներ և մշակութային այլ միջոցառումներ:

Ժաննա Անդրեասյանը շրջել է նաև համերգասրահի նորաբաց գրադարանում և ներքնահարկի վերանորոգված տարածքում, որտեղ իրականացվում են ցուցադրություններ, թատերահամերգային պերֆորմանսներ, հանդիպումներ, քննարկումներ: Ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյանը նախարարին ներկայացրել է նաև նորաստեղծ ձայնագրման ստուդիան, որը նախատեսված է կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի, ինչպես նաև ինքնազբաղ արվեստագետների ստեղծագործությունների ձայնագրման համար: 

Շրջայցից հետո ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆիլհարմոնիայի տնօրենի և աշխատակազմի հետ քննարկել է կազմակերպության գործունեության ընդլայնման և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր:

Քննարկման արդյունքում նախարարն առաջարկել է ներկայացնել առաջիկա տարիների գործունեության տեսլականը և նախաձեռնությունների փաթեթը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում