Տեսանյութ

Ծխելը թոքի քաղցկեղի առաջացման ռիսկերից մեկն է. մայիսի 31-ը Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

3 րոպեի ընթերցում

75-ամյա Տարասավիլ Գրիգորյանը մի ամբողջ կյանք է ապրել՝ չպատկերացնելով այն առանց ծխախոտի, բայց թոքի քաղցկեղի հայտնաբերումից և վիրահատությունից հետո լիովին հրաժարվել է հիվանդության առաջացման և ամենատարածված պատճառներից մեկից՝ ծխախոտից:  

«Արմենպրես»-ի հետ զրույցում Տարասավիլ Գրիգորյանը նշեց՝ մինչև տարօրինակ դրսևորումներով հազի առաջանալը որևէ գանգատ չի ունեցել, իսկ հիվանդության ի հայտ գալուց  հետո ախտորոշումն ու վիրահատությունը տևել է մեկ ամիս: Բուժառուն նշեց՝  բավականին երկար տարիներ ծխել է՝ երբևէ չմտածելով, թե ինչ հետևանքներ կարող են լինել. նրա խոսքով՝ եթե չլիներ ահազանգող հազը, հնարավոր է՝ ամեն ինչ այլ ավարտ ունենար: 

Նա նշեց՝ այժմ իր մաշկի վրա է զգացել ծխելու բացասական հետևանքները՝ հորդորելով բոլորին թողնել առողջության վրա լուրջ ազդեցություն ունեցող ամենամեծ կախվածությունը: 

75-ամյա բուժառուին բուժող բժշկի` ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Կրծքավանդակային վիրաբուժության և ինտերվենցիոն թոքաբանության բաժանմունքի ղեկավար, թորակալ վիրաբույժ Տիգրան Բյուզանդյանի խոսքով՝ տվյալ կլինիկական դեպքը բացառիկ չէ, սակայն մեկ մարդու պատմությամբ կարելի է պատկերացնել ընդհանուր փիլիսոփայությունը և փորձել չծխել ու դիմել բժշկին՝ առաջին իսկ գանգատների պարագայում: 

Մասնագետն ընդգծեց՝  տվյալ օրինակն ի գիտություն ունենալով՝ պետք է հետազոտվել ժամանակին, հատկապես, եթե ռիսկի խմբում ես: Բժշկի խոսքով՝ թոքի քաղցկեղի առաջացման հիմնական ռիսկի մոտ 80 տոկոսը ծխախոտի ծուխն է, հետևաբար՝ ոչ պակաս վնասակար է նաև երկրորդային  ծխի ազդեցությունը: 

«Թոքի քաղցկեղն առավել շատ հանդիպում է տղամարդկանց շրջանում, իսկ թիրախային տարիքային խումբը համարվում է  50-70 տարեկանը: Սքրինինգային ծրագրերում էլ ընդգրկվում են հենց այս տարիքային խմբի՝ առնվազն 20 տարի և դրանից երկար ժամանակ ծխող քաղաքացիները, որոնք համարվում են ռիսկի խումբ»,- ասաց Տիգրան Բյուզանդյանը: 

Մասնագետը ցավով նշեց, որ Հայաստանում թոքի քաղցկեղը հիմնականում հայտնաբերվում է չորրորդ փուլում: 

Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետազոտության համաձայն՝ ծխելու հետևանքով առաջացած հիվանդությունները մահվան 2-րդ ամենատարածված պատճառն են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում