Կրթություն

Խնդիրները բազմաշերտ են, բայց ամենակարևոր հարցն այն է, որ ուսուցիչը իրեն պաշտպանված զգա. նախարարը՝ Մերձավանի դպրոցի մասին

5 րոպեի ընթերցում

Խնդիրները բազմաշերտ են, բայց ամենակարևոր հարցն այն է, որ ուսուցիչը իրեն պաշտպանված զգա. նախարարը՝ Մերձավանի դպրոցի մասին

Մերձավանի դպրոցում տեղի ունեցած միջադեպը կոմունիկացիայի պակասի, ծնողական համայնքի հետ ոչ բավարար աշխատանքի, ծնողների կողմից իրենց ներկայացվածության ու մասնակցության ոչ բավարար իմացության և բազմաթիվ խնդիրների արտացոլում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝լրագրողների հետ զրույցում նման դիրքորոշում հայտնեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: 

Նախարարի համոզմամբ՝ նման դեպքերը երբեք մի օրվա, մի միջադեպի դրսևորում չեն: «Սա վկայում է այն մասին, որ դպրոցում եղել են խնդիրներ, որոնք այդ օրն արտացոլվել են այդ ձևաչափով: Եվ այսօր մեր ամենակարևոր հարցն է հասկանալ, թե ինչու և ինչպես է տեղի ունեցել, որ նման իրավիճակը հնարավոր է դարձել: Նման իրավիճակները հնարավոր են լինում, երբ ժամանակին ճիշտ չեն արձագանքում խնդիրներին: Եթե ժամանակին բոլոր օղակներն իրենց աշխատանքն անեն պատշաճ ու բավարար, կրկին կարող են խնդիրներ մնալ, որովհետև ընդհանուր առմամբ աշխատանքային միջավայրում խնդիրներ միշտ կարող են լինել, բայց դրանք չեն կարող այսպիսի դրսևորումներ ունենալ: Սա նաև կոմունիկացիայի պակասի, սա նաև միմյանց հետ ոչ բավարար խոսելու և հաղորդակցվելու, ծնողական համայնքի հետ ոչ բավարար աշխատանքի, ծնողների կողմից իրենց ներկայացվածության ու մասնակցության ոչ բավարար իմացության և բազմաթիվ խնդիրների արտացոլում է»,–ասաց Անդրեասյանը: 

Նախարարը հիշեցրեց ավելի վաղ արված հայտարարությունը՝ դպրոցը կգտնվի հատուկ մշտադիտարկման տակ: Այժմ քննարկվում է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի որոշման հարցը: 

«Դպրոցը մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող դպրոց է, նշանակումը պետք է արվի մարզպետի կողմից: Բայց մենք համատեղ քննարկում ենք ժամանակավոր պաշտոնակատարի հարցը: Ակնհայտ է, որ պետք է ունենանք բավարար փորձառու և հմտություն ունեցող անձ, որը կկարողանա նաև տեղում ճիշտ կառավարել իրավիճակը»,–ասաց Անդրեասյանը:

Կաշխատեն տարբեր մարմիններ, որպես լիազոր մարմին՝ մարզպետի աշխատակազմը: Նախարարը կարծում է, որ այդ դպրոցում թե տեսչական մարմնի, թե հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, թե այլ մարմինների ներգրավվածություն պետք է լինի, որ բոլոր խնդիրների բոլոր շերտերը բացահայտվեն, և դրանց ճիշտ արձագանք տրվի:

Անդրեասյանն առաջիկա ամառային արձակուրդները բավարար ժամանակ է համարում՝ խնդիրները վերլուծելու, ճիշտ հասցեագրելու առումով: 

Ըստ նրա՝ նոր ուսումնական տարում Մերձավանի դպրոցն արդեն իսկ պետք է գործի բոլորովին այլ միջավայրում՝ առողջ, անվտանգ, ապահով, որտեղ թե ուսուցիչը, թե աշակերտն իրեն պաշտպանված կզգան: 

Անդրադառնալով հարցին՝ պատմության ուսուցչուհին կշարունակի՞  դասավանդել նույն դպրոցում, թե՞ կտեղափոխվի այլ դպրոց՝ Անդրեասյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ որևէ ուսուցիչ չպետք է իր աշխատանքի շարունակությունը չապահովի միայն այն պատճառով, որ այդտեղ իրենց թիրախավորում են և չեն ստեղծում աշխատելու պայմաններ: Այս դեպքն այս ձևաչափով պետք է բացառվի: Մնացածը՝ յուրաքանչյուրն ազատ է իր աշխատավայրի ընտրության հարցում: Ինչ կորոշի ուսուցչուհին, չեմ կարող ասել, բայց մենք՝ որպես նախարարություն և բոլոր պատկան մարմինները, պետք է ապահովեն այն միջավայրը, որ ուսուցիչն իրեն պաշտպանված զգա: Այո, խնդիրները բազմաշերտ են, բայց այստեղ ամենակարևոր հարցն այն է, որ ուսուցիչը դպրոցում պետք է իրեն պաշտպանված զգա: Ցանկացած հարց պետք է կարգավորվի այնպես, որ չլինի այսպիսի իրավիճակ»:

Նախարարը վստահ է՝ անկախ նրանից, թե ինչ խնդիր է եղել, տեղի ունեցածը խնդրի լուծման եղանակ չէ:

Օրեր առաջ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրի դպրոցում տեղի էր ունեցել միջադեպ, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների մասնակցությամբ։ Նախարարությունն արձագանքել էր միջադեպին՝ դատապարտելով տեղի ունեցածը: Բացի այդ՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին աշխատանքից ազատելու որոշում էր կայացվել: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում