Իրան

Թրամփն Իրանին կոչ է արել դադարեցնել աջակցությունը տարածաշրջանի ռազմականացված խմբավորումներին

2 րոպեի ընթերցում

Թրամփն Իրանին կոչ է արել դադարեցնել աջակցությունը տարածաշրջանի ռազմականացված խմբավորումներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է համաձայնության հասնել Իրանի հետ նրա միջուկային ծրագրի շուրջ, սակայն Թեհրանը պետք է դադարեցնի իր աջակցությունը տարածաշրջանի ռազմականացված խմբավորումներին՝ որպես հնարավոր համաձայնագրի մաս։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է The Associated Press գործակալությունից, այս մասին նա ասել է Սաուդյան Արաբիայում կայացած Ծոցի համագործակցության խորհրդի նիստի ժամանակ։

«Իրանը պետք է դադարի հովանավորել ահաբեկչությունը, դադարեցնի իր արյունալի պրոքսի պատերազմները և մշտապես և ստուգելի կերպով հրաժարվի միջուկային զենք ստանալու նպատակներից։ Նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ», - ասել է Թրամփը Ծոցի համագործակցության խորհրդի երկրների ղեկավարներին։

The Associated Press-ը նշում է, որ Թրամփը նկատի ունի Իրանի աջակցությունը Գազայում ՀԱՄԱՍ-ին, Լիբանանում «Հեզբոլլահ»-ին և Եմենում հութիներին։ 

ԱՄՆ-ն և Իրանը ապրիլից արդեն բանակցությունների չորս փուլ են անցկացրել, որի հիմնական թեման եղել է Թեհրանի միջուկային ծրագիրը։

Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտնել է, որ կողմերն Օմանի միջնորդությամբ նախապատրաստվում են բանակցությունների հինգերորդ փուլին։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ զգուշավորությամբ է մոտենում ԱՄՆ-ի հետ քննարկումներին՝ երկու երկրների միջև պատմական անվստահության պատճառով։

ԱՄՆ նախագահը մայիսի 13-ին Սաուդյան Արաբիա այցով մեկնարկել է երկրորդ նախագահության ընթացքում իր առաջին մեծ ուղևորությունը։ Նա մայիսի 14-ին Սաուդյան Արաբիայից մեկնել է Կատար, որը նրա մերձավորարևելյան շրջագայության երկրորդ կանգառն է։ Այնուհետև ԱՄՆ նախագահը կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում