Տիգրան Մկրտչյանը դասախոսությամբ է հանդես եկել ամերիկյան Վեբստեր համալսարանի աթենքյան մասնաճյուղում
2 րոպեի ընթերցում

Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը դասախոսությամբ է հանդես եկել ամերիկյան Վեբստեր համալսարանի աթենքյան մասնաճյուղում: Դասախոսությունն անցկացվել է համալսարանական «Դեսպանների դասախոսությունների շարք»-ում՝ համալսարանի ռեկտոր, պրոֆ․Վասիլիս Բոտոպուլոսի հրավերով:
Դասախոսության թեման էր՝ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը անհանգիստ ժամանակներում»։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հունաստանբում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից, դասախոսության ընթացքում Տիգրան Մկրտչյանն անդրադարձել է հետևյալ թեմաներին.
• Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին և խաղաղության համաձայնագրի համաձայնեցմանը հաջորդող փուլին
• Հայաստանի կողմից ներկայացված և միջազգային աջակցություն վայելով «Խաղաղություն խաչմերուկ» նախագծին
• Հայաստան-Թուրքիա հարաբերություններում առկա իրավիճակին և դրանց հեռանկարներին
• Հայաստան-ԵՄ բարձր մակարդակի համագործակցությանը
• Հայաստան-Հունաստան հարաբերություններին, դրանց ռազմավարական բնույթ հաղորդելու ջանքերին։
Դասախոսությանը հաջորդել է հարցուպատասխանի հատված, որի ընթացքում դեսպանը պատասխանել է բոլոր հարցերին, որոնք ոչ միայն վերաբերում էին վերոհիշյալ թեմաներին, այլ նաև քաղաքագիտական և պատմագիտական բնույթի էին։
Այս հատվածում անդրադարձ է եղել մշակութային դիվանագիտության կարևորությանը, այդ թվում՝ հայ-հունական շփումներում։