Հայաստան

Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է ապագա քննիչներին

2 րոպեի ընթերցում

Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է ապագա քննիչներին

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հանդիպել է Արդարադատության ակադեմիայի շրջանավարտներին:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Արթուր Պողոսյանը շնորհավորել է ապագա քննիչներին նշանակման կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ առաջիկայում այս նշանակումները շոշափելիորեն կթեթևացնեն գործող քննիչների ծանրաբեռնվածությունը և անխուսափելիորեն կհանգեցնեն բազմաթիվ քրեական վարույթների ընթացքի հանգուցալուծմանը:

Արթուր Պողոսյանը նշել է, որ քննիչները պետք է գիտակցեն պաշտոնի ամբողջ պատասխանատվությունը և ամենօրյա աշխատանքով նպաստեն կառույցի հեղինակության բարձրացմանն ու վստահության ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձել է նաև քննիչների վարքագծի կանոնները խստորեն պահպանելու, աշխատանքային հարաբերություններից դուրս շփումներում քննիչի հեղինակությունը բարձրացնելու, ինչպես նաև քաղաքացիների նկատմամբ հարգալից լինելու անհրաժեշտությանը՝ անկախ նրանց դատավարական կարգավիճակից: 

«Պետք է ամեն օր աշխատեք մասնագիտական կարողությունների բարձրացման ուղղությամբ, կայանաք որպես քննիչ՝ գիտակցելով աշխատանքի ողջ պատասխանատվությունը: Ի դեմս ձեզ՝ տեսնում եմ քննչական ստորաբաժանումների ապագա ղեկավարների»,- նշել է Քննչական կոմիտեի նախագահը:

Արթուր Պողոսյանը հատուկ ընդգծել է կոռուպցիոն բնույթի ցանկացած դրսևորումների դեմ անհանդուրժողականության կարևորությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում