Բարձր տեխնոլոգիաներ

Հայկական ոլորտային կազմակերպությունները միասնական տաղավարով մասնակցում են  «ԴԵՖԵԱ 2025» պաշտպանական ցուցահանդեսին

2 րոպեի ընթերցում

Հայկական ոլորտային կազմակերպությունները միասնական տաղավարով մասնակցում են  «ԴԵՖԵԱ 2025» պաշտպանական ցուցահանդեսին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջին անգամ «Հայաստան» միասնական տաղավարով ներկայանում է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում մայիսի 6-8-ը անցկացվող «ԴԵՖԵԱ 2025» (DEFEA 2025) պաշտպանական ցուցահանդեսին՝ հնարավորություն ընձեռելով հայրենական ոլորտային կազմակերպություններին ներկայացնելու իրենց արտադրատեսակները, ծառայություններն ու նորարարական լուծումները: Ցուցահանդեսին մասնակցում են ոլորտային 16 կազմակերպություն, որոնցից 12-ը՝ որպես ցուցադրող, 4-ը՝ որպես այցելու:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, ցուցահանդեսն անցկացվում է երկու տարին մեկ անգամ՝ Հունաստանի Ազգային պաշտպանության և Հունաստանի Ծովային գործերի և կղզային քաղաքականության նախարարությունների հովանու ներքո:

Բարձր հեղինակություն ունեցող միջազգային պաշտպանական ցուցահանդեսին միջազգային կազմակերպությունները ներկայացնում են ցամաքային, ծովային, օդատիեզերական, ազգային և կիբեռանվտանգության պաշտպանական համակարգեր: Այն միավորում է պաշտպանական ոլորտի համաշխարհային ներկայացուցիչներին Եվրոպայից, Հյուսիսային Ամերիկայից, Աֆրիկայից, Կենտրոնական և Արևելյան Ասիայից ու Մերձավոր Արևելքից՝ նպաստելով միջազգային համագործակցությանը, տեխնոլոգիական առաջընթացին և տնտեսական աճին:

Ցուցահանդեսի շրջանակում անցկացվող քննարկումները, ներկայացումները և պաշտպանական արդյունաբերությանը վերաբերող նիստերը օգնում են ցուցադրողներին ուսումնասիրել շուկայի նորահայտ միտումներն ու մարտահրավերները՝ բարելավելու համար իրենց բիզնես ռազմավարությունը, ներդնելու լավագույն փորձը և միջազգայնացնելու իրենց արտադրատեսակները: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում