Մերձավոր Արևելք

ՄԱԿ-ի Միջազգային դատարանում սկսվել են Իսրայելի պարտավորությունների շուրջ լսումները

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Միջազգային դատարանում սկսվել են Իսրայելի պարտավորությունների շուրջ լսումները

Հաագայի Միջազգային դատարանում սկսվել են օկուպացված պաղեստինյան տարածքների նկատմամբ Իսրայելի պարտավորությունների հարցի շուրջ լսումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

«Այսօրվա առավոտյան նիստով դատարանը բացում է լսումների շաբաթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ներկայացված խորհրդատվական եզրակացության կայացման  պահանջով՝ Պաղեստինի օկուպացված տարածքում ՄԱԿ-ի, այլ միջազգային կազմակերպությունների և այդ տարածքի հետ կապված երրորդ պետությունների ներկայության և գործունեության վերաբերյալ Իսրայելի պարտավորությունների հարցով», - իր ներածական խոսքում հայտարարել է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի նախագահ Յուձի Իվասավան։

Լսումների առաջին օրը ելույթ կունենան ՄԱԿ-ի, Պաղեստինի, ինչպես նաև Եգիպտոսի և Մալայզիայի ներկայացուցիչները։ Լսումները կտևեն մինչև մայիսի 2-ը։ 

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2024 թ. դեկտեմբերի 19-ին ընդունել է բանաձև, որը ՄԱԿ-ի Միջազգային դատարանից պահանջում է խորհրդատվական եզրակացություն օկուպացված պաղեստինյան տարածքների նկատմամբ Իսրայելի  պարտավորությունների վերաբերյալ։ Ի թիվս այլ բաների, խոսքը վերաբերում է ապրանքների մատակարարումներին, որոնք վճռական նշանակություն ունեն պաղեստինցի քաղաքացիական բնակչության գոյատևման համար, ինչպես նաև հիմնական ծառայությունների մատուցմանը, մարդասիրական օգնությանը և օգնությանը՝ պաղեստինցիների բարօրության զարգացման և պաղեստինցի ժողովրդի ինքնորոշման իրավունքի աջակցման համար։ Փաստաթղթին հավանություն է տվել 137 երկիր, ներառյալ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը և Ֆրանսիան։ Դեմ է քվեարկել տասներկու պետություն, այդ թվում՝ Իսրայելը, Կանադան և Միացյալ Նահանգները։ Եվս 22 երկիր ձեռնպահ է մնացել։

Լսումներից հետո ատյանը պետք է կայացնի վճիռ և այն հրապարակի բաց նիստում։ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացություններն, ի տարբերություն վճիռների, պարտադիր ուժ չունեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում