Տնտեսություն

«Սոլար Ֆարմ»-ը` պատասխանատու հարկատու. ընկերությունն ընդլայնում է գործունեությունը

7 րոպեի ընթերցում

«Սոլար Ֆարմ» ընկերությունը Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման առաջագնացներից է: 2024 թվականին այն ընդհանուր ցանց է մատակարարել մոտ 9 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա: Եվ սա դեռ հնարավորությունների սահմանը չէ. «Ամբեր Կապիտալ» ներդրումային ընկերության (այն կառավարում է տվյալ նախագիծը ֆինանսավորող «ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամ»-ը) էներգետիկ ծրագրերի ղեկավար Կարեն Արաբյանը «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց, որ այս տարի կայանների քանակը նախատեսվում է հասցնել 7-ի, իսկ դրանց ընդհանուր հզորությունը՝ 33 մեգավատի:

«Սոլար Ֆարմ»-ը հիմնադրվել է 2019 թվականին, սակայն արևային ֆոտովոլտային առաջին կայանը սկսել է շահագործել դրանից երկու տարի անց: Այս տարվա հունվարից գործում է նաև «Սոլար Ֆարմ-2» արևային կայանը, որը նույնպես ստեղծվել է մասնավոր ներդրումներ կատարող «ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամ»-ի էներգետիկ ռազմավարության ներդրումային ծրագրերի շրջանակում: Հիմնադրամը ստեղծվել է 2020 թվականին՝ միջազգային և տեղական ներդրողների ջանքերով: Դրանց թվում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերը, Հոլանդական զարգացման բանկը (FMO), Հայաստանի կառավարությունը, «Ամբեր Կապիտալ»-ի ներդրումային թիմը, ինչպես նաև մի խումբ մասնավոր ներդրողներ: Հարկ է նշել, որ այս հիմնադրամը Հայաստանում ներդրումներ է կատարել ոչ միայն վերականգնվող էներգետիկայի, այլև գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, ծառայությունների մատուցման և առողջապահության ոլորտներում:

Ներկայում, ինչպես հայտնեց Կարեն Արաբյանը, Հայաստանի տարբեր բնակավայրերում արևային ճառագայթումը էլեկտրաէներգիայի է վերածում ընկերության հինգ կայան․ Արագածոտնի մարզում գործող «Սոլիս»-ի հզորությունը 4․5 մեգավատ է: Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում շահագործվում են 5․5 և 5․9 մեգավատ հզորություն ունեցող «Սոլար Ֆարմ-1» և «Սոլար Ֆարմ-2» կայանները, որոնցից 10 կմ հեռու կառուցվել է 2 մեգավատ հզորության ևս մեկ կայան: Գեղարքունիքի մարզի մեկ այլ բնակավայրում՝ Վարդենիսի Մեծ Մասրիկ համայնքում է տեղադրված 3․5 մեգավատ հզորության «Մոդուլ Սան» կայանը:

Շինարարության փուլում են «Սան էր Ջի» ընկերության կայանը՝ Գառնիում, և Մեծ Մասրիկում կառուցվող համանուն կայանը: Յուրաքանչյուրն ապահովելու է մոտ 5․5 մեգավատ հզորություն:

«Այս կայանը կառուցվել է Հայաստանի կառավարության ընդունած ծրագրով՝ տեղական բանկերի ֆինանսավորմամբ: Մեր ընկերության ստացած վարկի մի մասը սուբսիդավորվել է ՀՀ կառավարության՝ տնտեսության խթանման ծրագրերի շրջանակում»,- նշեց «Արմենպրես»-ի ստեղծագործական խմբին «Սոլար Ֆարմ-1» և «Սոլար Ֆարմ-2» կայաններ ուղեկցած Կարեն Արաբյանը:

Նա մանրամասնեց, որ «Սոլար Ֆարմ-1»-ը գործում է, այսպես կոչված, երաշխավորված գնման սկզբունքով, իսկ «Սոլար Ֆարմ-2»-ը՝ էլեկտրաէներգիայի ազատականացված շուկայի տիրույթում: 

«Դրանց միջոցով նախատեսում ենք արտադրել տարեկան մոտ 20 մլն կիլովատ ժամ էլեկտրաէներգիա, որը մատակարարվելու է Հայաստանի էլեկտրական ցանցերին, այնուհետև՝ բնակչությանը և մյուս սպառողներին»,- հայտնեց նա:

Կարեն Արաբյանի խոսքով՝ «Սոլար Ֆարմ» ընկերությունն ունի 6 աշխատակից, որոնց թիվը նոր կայանների շահագործմամբ կարող է ավելանալ՝ հասնելով 10-ի: Հարկ է նշել, որ «Սոլար Ֆարմ»-ը նաև պատասխանատու հարկատու է. 2024-ին պետբյուջե է վճարել մոտ 40 մլն դրամի հարկ: Իսկ ընդհանրապես, գործունեության չորս տարիներին ընկերությունը կատարել է ավելի քան 240 մլն դրամի հարկային պարտավորություն։

Նա ընդգծեց, որ դեռևս 2000-ականների սկզբից Հայաստանի կառավարության որդեգրած էներգախնայողության և վերականգնվող էներգիայի խթանման ծրագրերը նպաստել են այս ոլորտի զարգացմանը: Ի հավելումն, էլեկտրաէներգիայի արտադրության ներքին շուկան 2021 թվականից հետո վերափոխվել է՝ պարտադիր գնումների համակարգից անցնելով ազատականացվածի: Ըստ Կարեն Արաբյանի՝ ոլորտում դեռևս առկա են որոշակի խնդիրներ, բայց դրանք հընթացս լուծվում են:

«Վարչարարության հետ կապված խնդիրներ սովորաբար առաջանում են ընկերություն հիմնելու, թույլատվություն ստանալու, ինչպես նաև սարքավորումների ներկրման փուլերում: Իսկ էլեկտրաէներգիայի վաճառքի հետ կապված որևէ խնդրի չենք բախվել»,- Հայաստանում ձեռնարկատիրությամբ զբաղվելու առանձնահատկությունների վերաբերյալ հարցին այսպես պատասխանեց մեր զրուցակիցը: 

Ըստ նրա՝ բիզնեսի այս տեսակը յուրահատուկ է, քանի որ ունի ռազմավարական նշանակություն․ շահույթ ապահովելուց բացի նպաստում է նաև Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովմանը և ներկրվող հանածո վառելիքից կախվածության նվազեցմանը:

Արևային նոր կայաններ կառուցելուց բացի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամ»-ը 2025 թվականին իրականացնելու է ցածր արդյունավետությամբ աշխատող փոքր հիդրոէլեկտրակայանների վերազինման ներդրումային ծրագիր, որի նպատակն է այդ կայանները տեխնիկական ու բնապահպանական առումներով դարձնել միջազգային չափանիշներին համապատասխան:

Հարցին, թե որքան ժամանակ կպահանջվի, որպեսզի արևային կայանները Հայաստանում ավելի մատչելի ու հասանելի լինեն՝ Կարեն Արաբյանը նշեց, որ այդ ժամանակն արդեն եկել է, քանի որ արևային վահանակների և օժանդակ սարքավորումների գները բավականին իջել են, և դրանց կիրառումը տնտեսության տարբեր ոլորտներում, ինչպես նաև բնակելի հատվածում, զգալիորեն ընդլայնվել է:

«Հայաստանում արևային էներգետիկան մրցունակ է: Մենք ավելի մրցունակ գին ենք առաջարկում, քան ավանդական էներգետիկան: Արևային կայաններն ունեն էլեկտրաէներգիայի կուտակման և անխափան արտադրության ապահովման տեխնիկական բնույթի խնդիրներ, որոնք հնարավոր է լուծել կուտակիչների միջոցով: Առաջիկա տարիներին նախատեսել ենք ներդրումներ կատարել նաև կուտակիչ կայանների ստեղծման համար»,- եզրափակեց Կարեն Արաբյանը:     

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում