Բարձր տեխնոլոգիաներ

Ազդարարվել է տարվա կարևորագույն տեխնոլոգիական միջացառման՝ «ԴիջիԹեք 2025»-ի նախապատրաստական փուլի մեկնարկը

2 րոպեի ընթերցում

Ազդարարվել է տարվա կարևորագույն տեխնոլոգիական միջացառման՝ «ԴիջիԹեք 2025»-ի նախապատրաստական փուլի մեկնարկը

Այսօր Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը ազդարարեց տարվա կարևորագույն տեխնոլոգիական միջացառման՝«ԴիջիԹեք 2025»-ի նախապատրաստական փուլի մեկնարկը:

Ամեն տարի հոկտեմբերին անցկացվող միջոցառումը համարվում է տեխնոլոգիական տարվա սկիզբ` ինչպես սեպտեմբերի մեկը՝ ուսումնական տարվա, կամ հունվարի մեկը՝ ֆինանսական: Բայց, ի տարբերություն վերջիններիս, տեխնոլոգիական Ամանորը շարժական է: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության տարածած հաղորդագրությունից, որոշվել է, որ «հայթեք» օրացույցի առաջիկա շրջապտույտը տեղի կունենա հոկտեմբերի 10-12-ը:

«ԴիջիԹեքի» տնօրեն Խաչատուր Հակոբյանը վստահեցնում է, որ այս տարվա «ԴիջիԹեքը» հոբելյանական է և գերազանցելու է նախորդ բոլոր տարիների ցուցանիշները՝ թե մասնակից ընկերությունների, թե այցելուների թվով:

«Անցած տարի շուրջ 200 ընկերություն էր մասնակցել ԴիջիԹեքին և դա բացարձակ ռեկորդ էր: Տասնյակ հազարավոր այցելուների հետ մեկտեղ հյուրընկալել ենք 14 դիվանագիտական պատվիրակություն և միջազգային 15 լրատվամիջոց, ինչը ԴիջիԹեքին իսկապես գլոբալ շեշտադրում հաղորդեց: Կասկած չունեմ, որ այս տարի բոլոր ռեկորդները գերազանցելու ենք: Կունենանք, կարծում եմ, առնվազն 350 հայրենական և արտասահմանյան ընկերություն և շուրջ 40 000 այցելու»,- նշեց նա:

Այս տարվա «ԴիջիԹեքի» հիմնական շեշտադրումները՝ և ցուցահանդեսային, և աշխատաժողովային հատվածներում հասցեագրելու են արհեստական բանականության, վենչուրային կապիտալի և տեխնոլոգիական ընկերությունների առաջանցիկ աճի խնդիրներն ու մարտահրավերները: 20-րդ հոբելյանը խոստանում է միջոցառումների և իրադարձությունների աննախադեպ խտություն:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում