Մշակույթ

Հայաստանի ազգային պատկերասրահը չորս տարվա վերափոխումից հետո այցելուների առաջ դռները բացեց նոր հայեցակարգով

6 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային պատկերասրահը չորս տարվա վերափոխումից հետո այցելուների առաջ դռները բացեց նոր հայեցակարգով

Հայաստանի ազգային պատկերասրահն ապրիլի 15-ին պաշտոնապես վերաբացվեց բոլորովին նոր տեսքով, բովանդակային նոր լուծումներով, նոր հնարավորություններով: Գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակի, դեկորատիվ-կիրառական արվեստի ութ հարկ՝ չորս տարվա վերափոխումից հետո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մինչ բացման պաշտոնական արարողությունը ԶԼՄ ներկայացուցիչները հնարավորություն ունեցան շրջել ցուցասրահներում և կատաված աշխատանքի մասին զրուցել պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի հետ։

«Պատահական չէ, որ վերաբացումը հենց այս օրն ենք կազմակերպում, որովհետև ապրիլի 15-ին ծնվել է Արշիլ Գորկին, և նշվում է Արվեստի համաշխարհային օրը։ Գորկու ծննդյան առթիվ առաջին անգամ ցուցադրելու ենք մեր ունեցած միակ նմուշը, որի հեղինակը հենց նա է։ 1972 թվականին Գորկու քույրը՝ Վարդուշ Մուրադյանը Չիկագոյում հանդիպում է բանաստեղծ Վահագն Դավթյանին։ Նրանք երկար զրուցում են, զրույցի ավարտին Վարդուշը մոտենում է պատին, հանում կախված նկարը, այն հանձնում Դավթյանին, որն էլ խոստանում է այն հասցնել պատկերասրահ՝ որպես նվեր Վարդուշ Մուրադյանից։ Գորկու աշխատանքը պատկերասրահ է բերվել 1974 թվականին»,-պատմեց Հակոբյանն ու հավելեց՝ նմուշը գրաֆիկական աշխատանք է՝ փոքրիկ գծանկար, և այն չէր կարող տեղ գտնել մշտական ցուցադրության մեջ, քանի որ գրաֆիկան զգայուն նյութ է։ Պատկերասրահում կատարված բարեփոխումների արդյուքնում նոր շարժական-մոբիլ ցուցադրության մոդելի շնորհիվ այցելուները պարբերաբար կտեսնեն ոչ միայն այդ նմուշը, այլև նախկինում չցուցադրված գրաֆիկական թերթեր և հազվագյուտ գանձեր։ 

Հակոբյանը հիշեցրեց, որ վերանորոգման աշխատանքները մեկնարկել են 2021-ին։ Փոխվել ու արդիականացվել են օդափոխության, ջերմախոնավային համակարգերը, տեղադրվել են նոր վերելակներ: Վերանորոգման և արդիականացման աշխատանքներ են իրականացվել մի շարք մասնաճյուղերում։ Ժամանակակից լուծումներով են վերաձևավորվել ցուցասրահները: 

Խոսելով հայեցակարգային փոփոխությունների մասին՝ նա շեշտեց՝ փոփոխությունը կապված չէ նախկին էքսպոզիցիայի լավ կամ վատ լինելու հետ, այն պայմանավորված է ժամանակի այլ թելադրանքի հետ։ «Նախկին էքսպոզիցիան շեշտադրում էր առանձին մենագրական հեղինակներին, իսկ այժմ այդ ուղղությամբ չենք գնում, քանի որ այդ պարագայում հնարավոր չի լինի պատկերացնել մեր ամբողջական արվեստի պատմությունը, և մեր հիմնական նպատակն է ցուցադրել ոչ միայն գեղագիտորեն լավ ներկայացված մի քանի հեղինակի, այլև ներկայացնել գիտակրթական լուրջ հենք ունեցող արվեստի պատմությունը։ Եթե առաջ ունեինք հայկական, եվրոպական և ռուսական բաժանումներ, ապա այժմ՝ հայ և համաշխարհային, ինչը կարևոր է, քանի որ հայկականը չենք զատում համաշխարհային արվեստից։ Ցուցադրությունը կազմակերպվել է ոչ թե հեղինակներով, այլ ուղղություններով։ Դա մատնանշում է, որ հայկական արվեստում եղել են իմպրեսիոնիզմ, մոռեդնիզմ, էքսպրեսիոնիզմ։ Մենք անմասն չենք մնացել համաշխարհային գործընթացներից»,-նշեց պատկերասրահի տնօրենը։

Հակոբյանը կարևորեց նաև դասական ու ժամանակակից արվեստի համադրումը։ Նա ընդգծեց, որ պատկերասրահը միայն դասական արվեստ չի ներկայացնում, այն շեշտադրում է, որ արվեստը շարունակական բնույթ ունի և պետք է կամրջել դասականն ու ժամանակակիցը։ «Որոշ սրահներում պարբերաբար ներկայացնելու ենք «Հեռապատում» շարքը, որի շրջանակում ժամանակակից տարբեր արվեստագետների գործերը երկխոսելու են դասական արվեստի հետ»,-ասաց Մարինա Հակոբյանը։

Փոփոխություններից հետո պատկերասրահի մշտական ցուցասրահներ են վերադարձել ոչ միայն մեծանուն վարպետների գլուխգործոցները, այլև երբևէ չցուցադրված կարևոր նմուշներ: Ավելի քան 41 000 արվեստի ստեղծագործություն և 200 000-ից ավելի արխիվային բացառիկ նյութեր ընդգրկող թանգարանային հավաքածուից այսօր հնարավոր է ցուցադրել միայն 5 տոկոսը` պատկերասրահի ցուցադրատարածքի սահմանափակ լինելու պատճառով, սակայն շարժական-մոբիլ ցուցադրության մոդելի միջոցով այդ բացը հնարավոր կլինի որոշ չափով լրացնել։

Վերաբացվող մշտական ցուցադրության տասնյակ սրահներում ներկայացված են հայկական կերպարվեստի ականավոր գործիչների՝ Հակոբ Հովնաթանյանի, Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Հակոբ Կոջոյանի, Գեորգի Յակուլովի, Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի և այլոց, իտալական վերածննդի և բարոկկոյի նշանավոր ներկայացուցիչներ Տինտորետտոյի, Դոնատելլոյի, Գարոֆալոյի, Բեռնարդո Ստրոցցիի, Գվերչինոյի և մյուսների, բարբիզոնյան դպրոցի հայտնի արվեստագետներ Թեոդոր Ռուսոյի, Դիաս դե լա Պենյայի, ռեալիզմի վառ ներկայացուցիչ Գյուստավ Կուրբեի, ռուսական ավանգարդի վարպետներ Վասիլի Կանդինսկու, Մարկ Շագալի, Ռոբերտ Ֆալկի և այլոց գեղանկարչական ու գրաֆիկական գործերը, գլուխգործոց քանդակաները, ինչպես նաև դեկորատիվ-կիրառական արվեստի եզակի նմուշներ (բացառիկ կահույք, սպասք, զարդեղեն, զենք), որոնց մեծ մասը ցուցադրվում է առաջին անգամ:   

Արվեստասերներն Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրությանը կարող են ծանոթանալ ապրիլի 16-ից:  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում