Եվրոպա

ԵՄ-ն 90 օրով սառեցնում է ԱՄՆ-ի դեմ մաքսատուրքերը

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն 90 օրով սառեցնում է ԱՄՆ-ի դեմ մաքսատուրքերը

ԵՄ-ն կշարունակի նոր մաքսատուրքերի մշակումն ԱՄՆ-ի դեմ, բայց դրանք սառեցնում է 90 օրով՝ «բանակցություններին հնարավորություն տալու» համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X սոցիալական հարթակում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Մենք ի գիտություն ենք ընդունել նախագահ Թրամփի հայտարարությունը: Մենք ցանկանում ենք հնարավորություն տալ բանակցություններին: Մենք շարունակում ենք վերջնականացնել ԵՄ-ի պատասխան քայլերը, որոնք ստացել են մեր անդամ երկրների վճռական աջակցությունը, բայց 90 օրով սառեցնում ենք դրանք: Եթե բանակցությունները բավարար արդյունք չտան, մեր հակամիջոցները կգործարկվեն», - գրել է նա:

Ֆոն դեր Լեյենը նաև հաստատել է, որ ԵՄ-ն մշակում է լրացուցիչ հակաքայլեր ԱՄՆ-ի մաքսատուրքերի դեմ։ 

«Ինչպես ասել եմ նախկինում, բոլոր տարբերակները քննարկվում են», - եզրափակել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Իսկ Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակի տեղակալ Ստեֆան դե Կեերսմաքերը Բրյուսելում կայացած ճեպազրույցում նշել է, որ ԱՄՆ-ն սառեցրել է միայն եվրոպական ապրանքների հիմնական զանգվածի նկատմամբ մաքսատուրքերը, բայց առայժմ ուժի մեջ են մնում մաքսատուրքերը Եվրոպայից  պողպատի, ալյումինի և ավտոմեքենաների համար։

Ապրիլի 9-ին ԵՄ երկրները հաստատել են Միացյալ Նահանգներից լայն շրջանակի գյուղատնտեսական և արդյունաբերական ապրանքների համար 25% մաքսատուրքերի առաջին փաթեթի սահմանումը։ Մաքսատուրքերի երկրորդ փաթեթը պետք է գործարկվեր մայիսի 15-ին, և այնուհետև Բրյուսելը մտադիր էր նոր մաքսատուրքեր սահմանել մինչև դեկտեմբերի 1-ը: Այժմ այդ ամբողջ գործընթացը դադարեցված է: 

Ապրիլի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 90 օրով դադարեցնում է մաքսատուրքերի բարձրացումն այն երկրների նկատմամբ, որոնք բանակցություններ վարելու պատրաստակամություն են ցուցաբերել։ Դրանց նկատմամբ կգործեն ներմուծման 10%-ի չափով մաքսատուրքեր։ Միևնույն ժամանակ ԱՄՆ ղեկավարը Չինաստանից ներմուծվող արտադրանքի նկատմամբ մաքսատուրքերը բարձրացրել է մինչև 125%: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում