Տնտեսություն

Որակյալ հավկիթի պահանջարկն ավելանում է, կրկնապատկելու ենք մեր արտադրությունը. Գևորգ Ջանվելյան

6 րոպեի ընթերցում

Որակյալ հավկիթի պահանջարկն ավելանում է, կրկնապատկելու ենք մեր արտադրությունը. Գևորգ Ջանվելյան

30 տարի առաջ «Արզնի» թռչնաֆաբրիկան առաջիններից էր, որ սկսեց տեղական հավկիթների արտադրությունը։ Խոշոր ներդրումների և նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ «Արզնին» այսօր ներկայացնում է որակյալ արտադրանք։ 

Ընկերության տնօրեն Գևորգ Ջանվելյանի հետ զրուցել ենք վերջին տարիներին կատարված ներդրումների և առաջիկա նախագծերի մասին։ 

- Արդեն 30 տարի է, ինչ «Արզնին» հաստատուն քայլերով զարգանում է։  Վերջին տարիներին ի՞նչ ներդրումներ են կատարվել, ո՞ր ուղղություններով։ 

- Այն, ինչ այսօր կա «Արզնի» թռչնաֆաբրիկայում, նախկինում ավերակներ էին։ Տարիների ընթացքում, քարը քարին դնելով, ֆաբրիկան աստիճանաբար ոտքի է կանգնել և այսօր արդեն դարձել առաջատար ընկերություն։ 

Վերջին մի քանի տարվա ընթացքում թռչնաֆաբրիկան գրեթե ամբողջությամբ նորոգվել ու բարեկարգվել է։ Այս պահին ունենք չորս թռչնանոց, որոնցում ներդրել ենք գերմանական Hellman ապրանքանիշի սարքավորումները, ինչպես նաև հոլանդական Moba` ձվի տեսակավորման հաստոցը, որի շնորհիվ ձվի հավաքումը, տեսակավորումն ու փաթեթավորումն ավտոմատ կերպով են իրականացվում։ Հաստոցը հնարավորություն է տալիս ժամում մոտ 50000 ձու տեսակավորել, այսինքն՝ ընդամենը մի քանի ժամվա ընթացքում մենք օրվա ամբողջ արտադրանքը կարող ենք հավաքել ու պատրաստել վաճառակետեր ուղարկելուն։ Սրա ու նաև մեր լոգիստիկ ճկուն աշխատանքի, ճիշտ համակարգման շնորհիվ վաճառքի կետեր մշտապես թարմ հավկիթներ ենք մատակարարում։ 

Ֆաբրիկայում վերանորոգման ու բարեկարգման լայնածավալ աշխատանքներն իրականացրել ենք 2022 թվականից, 2024-ին ամբողջությամբ նորոգել ենք մեր մալուխային տնտեսությունը, ջրի նոր հորեր ենք կառուցել, տեղադրել ենք արևային էներգիայի պանելներ։ Թռչնաֆաբրիկայում երկու ամենակարևոր գործոնները լույսն ու ջուրն են, որոնք թռչունների համար միշտ պետք է անխափան ու հասանելի լինեն. մենք դա կարողանում ենք ապահովել։ 

Նշեմ, որ սարքավորումները փոխելուն զուգահեռ նաև փաթեթավորման նոր տուփեր ներմուծեցինք։ Ունենք ինչպես թղթե, այնպես էլ շատ բարձր որակի պլաստիկից տուփեր, որոնց շնորհիվ մեր սպառողը միանգամայն վստահ կարող է լինել, որ գնում է ամբողջությամբ անվնաս արտադրանք։ Այսօր մեր տեսականին ներկայացված է 2-ից մինչև 30 հատանոց բարձրորակ, հետաքրքիր ու տարբերվող տուփերով։ 

Սանիտարական նորմերի պահպանումը մեր ֆաբրիկայում խստագույն վերահսկողության տակ է, քանի որ հավերը զգայուն են տարատեսակ վարակների նկատմամբ։ Դրանք կարող ենք փոխանցվել տարբեր ճանապարհներով, իսկ հետևանքները կարող են անդառնալի լինել։ Այս պահին էլ մեր աշխատակիցները խստորեն հետևում են բոլոր կանոններին, բայց այս գործընթացն առավել կանոնակարգված ու վերհսակելի դարձնելու նպատակով աշխատակիցների համար ամբողջությամբ նոր՝ առանձին շենք ենք կառուցում, որտեղ մուտքն ու ելքը լինելու են խիստ վերահսկված, և արտադրական պրոցեսում արտաքին աշխարհի հետ շփում չի լինելու։ 

- Որքա՞ն ներդրում է կատարվել վերջին տարիներին։ 

- Միայն 2021-2025 թվականներին կատարել ենք 5 միլիոն եվրոյի չափով ներդրում։

Հավկիթի բարձր որակի համար լավ սարքավորումը միայն բավարար չէ։ Մի շարք կարևոր գործոններ կան, որոնցից մեկը, իհարկե, թռչուններն են։ Շատ կարևոր է, որ թռչունների մայրական կազմը, գենետիկան որակյալ լինի։ 

Նախորդ տարվանից մենք ճուտիկները ներկրում ենք Հոլանդիայից՝ անմիջապես բուծող ընկերությունից։ Իհարկե, սա ավելի ռեսուրսատար է, բայց արդյունքում մենք այսօր արտադրողականության շատ բարձր ցուցանիշներ ունենք։ Մեր գործընկերները ևս հաճելիորեն զարմացել էին, երբ նման արդյունքներ գրանցեցինք, քանի որ նույնիսկ եվրոպական երկրներում նման ցուցանիշներ չեն լինում։ 

Նման արդյունքի գրավականները թռչունների պահման պայմաններն են՝ լուսային ու ջերմային ռեժիմները և, իհարկե, կերը։ Կարևոր է շարունակաբար ապահովել այս ամենը, որպեսզի արտադրանքի որակը կայուն լինի ամբողջ տարվա ընթացքում։ 

Այսօր մենք վստահաբար կարող ենք ասել, որ արտադրում ենք մաքուր, ամենաբարձր որակի, անվտանգ սննդամթերք։ Քանի որ կարողանում ենք ապահովել նման որակ, հետևաբար նաև նման արտադրանքի պահանջարկն է ավելանում օր օրի։

- Առաջիկայում ի՞նչ ծրագրեր եք նախատեսում իրականացնել։ 

- Քանի որ բոլոր ենթակառուցվածքները նոր են, այս տարի արդեն մեզ համար գերնպատակն արտադրության ծավալներն ավելացնելն է. Պլանավորում ենք օրական արտադրել 300.000-350.000 ձու։ Այս թիվն ապահովելու պարագայում կարող ենք արձանագրել, որ կրկնապատկում ենք թե՛ արտադրանքի ու թե՛ թռչունների քանակը։ 

Նաև մեր առջև խնդիր ենք դրել մեկնարկել որակյալ թռչնամսի արտադրություն։ Իհարկե, սա շատ ավելի բարդ, ռեսուրսատար ու պատասխանատու գործընթաց է ենթադրում, բայց, վստահաբար, պահանջարկը կա։ 

Գիտակցելով, որ պարենի անվտանգությունն այսօր թիվ մեկ հրամայական է, մենք մեզ համար առանջնահերթություն ենք սահմանել նաև հասարակությանը կրթելը. մարդիկ պետք է լինեն բավականաչափ տեղեկացված ու իրազեկ, տարբերակեն որակյալ արտադրանքը։ Օրինակ, մենք հաճախ ենք խոսում տնական հավկիթներից, փորձում ենք կոտրել այն կարծրատիպը, որ տնական հավկիթն առավել անվտանգ է։ Տնական ձու հայաստանում, գրեթե, գոյություն չունի։ Անհայտ ծագման և տնական հավկիթի անվան տակ մի քանի անգամ թանկ վաճառվող հավկիթները մեր ընտանիքի անդամներին ու հատկապես երեխաներին տալով, մենք լրջորեն վտանգում ենք նրանց առողջությունը։ Նմանատիպ թեմաներով հանրային իրազեկման միջոցառումները ևս լինելու են մեր գործունեության առանցքում։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում