Համաձայն չեմ, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային երկարաժամկետ աջակցության ծրագրով նախատեսված միջոցները բավարար չեն․ փոխվարչապետ
2 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը համաձայն չէ այն հայտարարությունների հետ, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար բնակարանային երկարաժամկետ աջակցության ծրագրով նախատեսված միջոցները բավարար չեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա ասաց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Նա հիշեցրեց, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիների համար նախատեսված երկարաժամկետ բնակարանային աջակցության ծրագրի շրջանակում 3-5 միլիոն դրամ է տրամադրվում յուրաքանչյուր ընտանիքի անդամի հաշվով՝ կախված այն տարածքից, որտեղ քաղաքացին ցանկանում է բնակարան գնել կամ տուն կառուցել։
«Համաձայն չեմ, որ բնակարանային երկարաժամկետ աջակցության ծրագրով նախատեսված միջոցները բավարար չեն։ Մենք 3, 4 կամ 5 միլիոն դրամ ենք հատկացնում ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով՝ կախված այն հանգամանքից, թե որտեղ է նախատեսում այդ բնակարանը գնել կամ տունը կառուցել»,- ասաց փոխվարչապետը։
Նա մանրամասնեց, որ 1 անձի հաշվով 5 միլիոն դրամ են հատկացնելու այն ընտանիքներին, որոնք կցանկանան բնակարան ձեռք բերել կամ տուն կառուցել Սյունիքի, Գեղարքունիքի, նաև Արարատի և Վայոց Ձորի մարզերի որոշ բնակավայրերում։
Փոխվարչապետը նշեց, որ կառավարության վերջին որոշմամբ բազմաթիվ բնակավայրերի համար աջակցության չափը 1 անձի համար 4 միլիոն դրամ են դարձրել՝ նախկին 3 միլիոն դրամի փոխարեն" Այդ բնակավայրերն են, օրինակ, Վանաձորը, Հրազդանը, Արմավիրը։
Չնայած ծրագրի պայմանները բավական շահավետ են՝ շահառուների կողմից դիմումների ակտիվությունը դեռևս ցածր է։
«Այսօրվա դրությամբ 900 ընտանիք ստացել է սերտիֆիկատները, որոնցով կարող է բնակարան գնել կամ տուն կառուցել, այդ 900 ընտանիքների շահառու մարդկանց քանակը 3800 է։ Ընդ որում, այդ 900 ընտանիքից դեռևս 100-ն է, որ իրացրել է սերտիֆիկատի իրավունքը, մնացած 800-ը որոնումների մեջ են, և դա լավ է, որ նրանք շարունակում են դիտարկել, որպեսզի գտնեն լավագույն տարբերակը»,-ասաց նա։