Վրաստանը կարգելի արտասահմանյան դրամաշնորհներ ստանալ առանց կառավարության համաձայնության
2 րոպեի ընթերցում

Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը խորհրդարանում փոփոխություններ է նախաձեռնել դրամաշնորհների մասին օրենքում, ըստ որի՝ Վրաստանի քաղաքացին կամ հանրապետությունում գործող կազմակերպությունը չի կարողանա դրամաշնորհներ ստանալ առանց կառավարության նախնական համաձայնության։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Վրացական երազանք» խմբակցության նախագահի առաջին տեղակալ Իրակլի Կիրցխալիան։
«Քանի որ դրամաշնորհն իր բնույթով ստացողին անվճար փոխանցվող միջոց է, պետության ինքնիշխանությունն ու անվտանգությունն ամրապնդելու համար կարևոր է կիրառել Վրաստանի կառավարության կամ նրա կողմից նշանակված լիազորված անձի կամ մարմնի համաձայնության կանոնը»,-նշել է նա։
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ դրամաշնորհների տրամադրման նոր կանոնը չի տարածվելու արտերկրում ուսման կամ գիտական գործունեության համար հատկացվող գումարների, ինչպես նաև մարզական ասոցիացիաների վրա։ Օրենքը նախատեսվում է ընդունել արագացված կարգով։
Կիրցխալիայի խոսքով՝ Վրաստանի կառավարությանն առընթեր հակակոռուպցիոն բյուրոն կվերահսկի դրամաշնորհների հատկացումը։ Եթե անձը կամ կազմակերպությունն արտերկրից գումար ստանան առանց վրացական իշխանությունների թույլտվության, ապա կտուգանվեն դրամաշնորհի կրկնակի չափով։