Մարտահրավերները շատ են, բայց մայրանալը կնոջ կյանքի ամենաերջանիկ պահն է. Պատմության թանգարանը քննարկմամբ տոնեց Ապրիլի 7-ը
6 րոպեի ընթերցում

Չնայած հազարամյակների էական փոփոխություններին՝ մայրանալը, մայրությունը յուրաքանչյուր կնոջ համար մնում է ամենաերջանիկ պահը, մայրերը մեծ առաքելություն ունեն բոլոր դարերում և ժամանակներում, քանի որ լավ մարդ, արժանապատիվ քաղաքացի են մեծացնում, սակայն հատկապես մեր օրերում նրանց առջև ծառացած մարտահրավերները շատացել են. փոխվել են ընտանեկան ավանդույթները, բարքերը, հասարակության պահանջներն ու ակնկալինքները մայրերից։
Այսպես են կարծում տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող մի խումբ մայրեր, որոնք «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության շրջանակում Մայրության և գեղեցկության տոնին՝ Ապրիլի 7-ին, հյուրընկալվել էին Հայաստանի պատմության թանգարանում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քննարկման վարող, Հայաստանի պատմության թանգարանի զարգացման գծով փոխտնօրեն Արուսյակ Ղազարյանը հիշեցրեց, որ ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի՝ ապրիլի 7-ը նշվում է որպես Մարիամ Աստվածածնի ավետման օր։ 1995 թվականից հայ ազգային տոնացույցում օրը նշվում է որպես Մայրության և գեղեցկության օր։
Խոսելով «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության մասին, որը համախմբել էր հյուրերին, Ղազարյանը շեշտեց՝ շուրջ վեց ամիս է՝ Լոնդոնի Բրիտանական թանգարանից Հայաստանի պատմության թանգարանում ցուցադրվում են Անահիտ աստվածուհու բրոնզե գլուխն ու ձեռքը։ Այն համադրված է թանգարանի շուրջ վեց տասնյակ խորհրդանշական ցուցանմուշներով։
Տոնի առթիվ շնորհավորելով բոլոր կանանց՝ Արուսյակ Ղազարյանը խոսքը փոխանցեց թանգարանի հնագիտության և դրամագիտության բաժնի գիտաշխատող, ֆոնդապահ Արմինե Զոհրաբյանին։ «Մայրերը տարիների ընթացքում շատ են փոխվել, այսօր նրանք երիտասարդ են, զբաղվում են իրենց խնամքով, երբեմն նրանց շփոթում ենք երեխաների ավագ քույրերի հետ։ 20-րդ դարի վերջի և 21-րդ դարի էական փոփոխությունն այն է, որ կինը ոչ միայն ավելի ինքնաբավ է դարձել, այլև՝ շատ մտահոգ, որ մայրանալու հետ միասին իրեն ընդառաջ չգա ծերությունը։ Չնայած հազարամյակների էական փոփոխություններին՝ մայրանալը, մայրությունը յուրաքանչյուր կնոջ համար մնում է ամենաերջանիկ պահը, և կինը գիտակցում է, որ այդպես հասարակության մեջ իր դերն ավելի բարձրանում է»,-ասաց Զոհրաբյանը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանն էլ կարծում է՝ հայ մոր դերը մշտապես շատ մեծ է եղել ռազմիկի, սահմանապահի և 20-րդ դարի տերմիններով ասած քաղաքացու ձևավորման գործում, և 20-րդ դարի գլոբալիզացման համատեքստում շատ ավելի կարևորվում է հայ մոր դերը հայ քաղաքացու կերտման գործում։ «Տեխնոլոգիական զարգացման դարաշրջանում մեր պատասխանատվությունը և պարտականություններն ավելի լայն և խորն են, որպեսզի քաղաքացի ձևավորելուց զատ նաև հայրենիքի պահապաններ, ինքնության պահապաններ դաստիարակենք։ Հայաստանի պատմության և մեր մյուս թանգարաններն իրենց ցուցադրություններով միտված են ցույց տալու մեր ինքնությունը, արմատները, որոնք պետք է փոխկապակցել այսօրվա իրականության հետ»,-նշեց նա։
Հաղորդավարուհի, մշակութային նախագծերի ղեկավար Գոհար Գասպարյանը վստահ է՝ մորը նայելով՝ երեխաների մոտ ձևավորվում են ճաշակ, պատկերացում կանանց մասին, իսկ կնոջ համար մեծ պատասխանատվություն է միշտ լինել այնպիսին, ինչպիսին իրեն ցանկանում են տեսնել երեխաները, երբեմն զսպել զգացմունքները, երբեմն արտահայտել ավելին, քան կա։
Հեռուստահաղորդավարուհի Մերի Ներսիսյանի համոզմամբ՝ հայ կնոջ համար 21-րդ դարը նոր մարտահրավերներ է բերել, որոնցից մեկը համացանցն է, որը պարտադրում է միշտ իդեալական լինել։ «Մեր օրերում, երբ ժամանակակից չէ խոսել հայրենասիրության մասին, հայ կինը ճկուն է ու կարողանում է հաղթահարել ամեն բան։ Իմ սկզբունքը հետևյալն է՝ եթե ցանկանում ես, հաջողում ես»,-շեշտեց նա։
«Deep Parenting. ծնողությունը խորքից» փոդքաստի հեղինակ և վարող Աննա Վելիցյանը կարծում է՝ բոլոր ժամանակներում մայրությունը մայրություն է, մայրն իր բոլոր դերերով դրսևորվում է, երբ երեխան ծնվում է։ «Մայրը երեխայի Աստվածն է, նրանք նայում են, թե մայրն ինչ տրամադրություն ունի առավոտյան, և ըստ դրա որոշվում է նրանց տրամադրությունը, տեսնում են, թե ինչ արժեքների կրողն ու փոխանցողն է մայրը ու դա են յուրացնում»,-ասաց հոգեբանը։
Նա իր գործունեության ընթացքում նկատել է, որ այսօր մայրերը հյուծվում են, սպառվում են, և պատճառները շատ են։ «Առաջ ընտանիքում կար մի քանի սերունդ, և մորն օգնում էին երեխային մեծացնել։ Այսօր երբեմն մոր ընտրությամբ ընտանիքում կան մայրն ու զավակը, չկա օգնողը, և մայրը ձգտում է լինել կատարյալ, լինել գերազանցիկ ու հյուծվում է, իսկ հյուծված մայրը չի կարող լինել երջանիկ մայր, իսկ եթե մայրը երջանիկ չէ, նա չի կարող մեծացնել երջանիկ երեխայի»,-հավաստիացրեց մասնագետը։
Դերասանուհի Նարինե Պետրոսյանը նշեց՝ շատերին թվում է, թե դերասանի մասնագիտությունն անհամատեղելի է մայրության հետ, այնինչ այդպես չէ։ «Ես շատ շուտ եմ մայրացել։ Առաջին քայլերն էի անում իմ մասնագիտական ոլորտում, այլ ծրագրեր ունեի, բայց հանդիպեցի իմ երկրորդ կեսին ու հասկացա՝ եթե ցանկանում եմ ունենալ նաև մասնագիտական աճ, պետք է կարողանամ համատեղել։ Եթե կա ցանկություն լինել մայր, մասնագիտության առումով հետաքրքիր մարդ, պետք է անել անհնարը, լինել գերմարդ և առաջ շարժվել»,-եզրափակեց դերասանուհին։