Վերականգնվել է պետությանը պատճառված 181 մլն 591 հզր ՀՀ դրամը
2 րոպեի ընթերցում

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, որի արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 181 մլն 591 հզր ՀՀ դրամը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ. Ա. - ն պետական մասնակցությամբ ընկերությանը սեփականության իրավունքով հանձնված տրանսպորտային միջոցները շահադիտական նպատակով հափշտակելու դիտավորությամբ՝ Ն. Հ. - ին տվել է ընկերության անունից հանդես գալու լիազորագիր:
Նշված լիազորագրի հիման վրա ընկերությունն իրեն վստահված՝ օրինական հիմքերով իր տնօրինմանը, տիրապետմանը և օգտագործմանն իրավաբանորեն հանձնված գույքի սեփականության իրավունքը փոխանցել է Կ. Ա. - ին:
Այնուհետև, Կ. Ա. - ն հիշյալ տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքը փոխանցել է այլ անձանց՝ այդ կերպ ավարտին հասցնելով իրեն վստահված, պետությանը փոխանցման ենթակա առանձնապես խոշոր չափերով՝ 181 մլն 591 հզր ՀՀ դրամ արժողության գույքի հափշտակությունը:
Կ. Ա. - ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը):
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: