Քաղաքականություն

Հայաստանը ՇՀԿ-ն դիտարկում է որպես երկխոսության արդյունավետ հարթակ և հավատարիմ է համագործակցության այդ ճանապարհով առաջ գնալուն

9 րոպեի ընթերցում

Հայաստանը ՇՀԿ-ն դիտարկում է որպես երկխոսության արդյունավետ հարթակ և հավատարիմ է համագործակցության այդ ճանապարհով առաջ գնալուն

Հիմնադրումից հետո, վերջին երկու տասնամյակների ընթացքում, Շանհայի համագործակցության կազմակերպությունը շարունակում է զգալի ներուժ ունենալ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության համատեղ ապահովման և պահպանման գործում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը հայտնեց ՀՀ ԱԳՆ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վարչության ղեկավար Անահիտ Կարապետյանը։ Նա մասնակցեց ԵՊՀ-ում Չինաստանի դեսպանության կողմից կազմակերպված «Շանհայի ոգու խթանում. Շանհայի համագործակցության կազմակերպությունը գործողության մեջ» թեմայով սեմինարին: 

«2016 թվականի ապրիլի 16-ին Պեկինում ստորագրվեց հուշագիր, որով Հայաստանին շնորհվեց Շանհայի համագործակցության կազմակերպությունում երկխոսության գործընկերոջ կարգավիճակ՝ այդպիսով իրավական հիմք ստեղծելով Հայաստանի և ՇՀԿ անդամ երկրների միջև համագործակցության խթանման համար՝ ահաբեկչության, առևտրի և ներդրումների, էներգետիկայի և տրանսպորտի, հեռահաղորդակցության այլ ոլորտներում: Կարևորելով ՇՀԿ-ի հետ համագործակցությունը և ցանկանալով էլ ավելի խորացնել իր ներգրավվածությունը կազմակերպությունում՝ Հայաստանը դեռ 2018 թվականին պաշտոնապես հայտ է ներկայացրել ՇՀԿ-ում երկխոսության գործընկերոջ կարգավիճակից դիտորդ պետության կարգավիճակի անցնելու վերաբերյալ»,- նշեց Կարապետյանը։

Նա հավելեց, որ Հայաստանը ՇՀԿ-ն դիտարկում է որպես երկխոսության արդյունավետ հարթակ, որի շրջանակներում պետությունները համագործակցում են միմյանց հետ՝ անկախ երկկողմ հարաբերություններում առկա տարաձայնություններից։ Նրա հավաստմամբ՝ Հայաստանը հավատարիմ է համագործակցության այս ճանապարհով առաջ գնալուն։

«ՇՀԿ-ի հետ Հայաստանի բարձր մակարդակի երկխոսության գագաթնակետը վերջին տարիներին կազմակերպության գլխավոր քարտուղարի առաջին այցն էր Հայաստան դեռևս 2024 թվականի հունիսին, որի շրջանակում ՀՀ վարչապետի և ԱԳ նախարարի հետ քննարկումները հեռանկարներ ստեղծեցին ՇՀԿ-ի հետ Հայաստանի համագործակցության հետագա խորացման համար։ Հայաստանը կիսում է բարիդրացիական հարաբերությունների հաստատման առանցքային մոտեցումը, ներառյալ փոխվստահության խթանումը սահմանային հարցերի շուրջ լարվածության նվազեցման միջոցով, որը դրված է «Շանհայի հնգյակի» ձևաչափի հիմքում և, հետևաբար, ՇՀԿ-ի գործունեության հիմքում»,- ասաց Կարապետյանը։

ԱԳՆ ներկայացուցիչը ընդգծեց, որ ՇՀԿ-ի համար հիմնարար «Շանհայի ոգի» սկզբունքի համաձայն՝ անդամ երկրների հարաբերությունները հիմնված են փոխշահավետության և փոխադարձ վստահության, հավասարության, փոխըմբռնման, մշակութային բազմազանության նկատմամբ հարգանքի և համատեղ զարգացման տեսլականի վրա:

«Հայաստանի հավատարմությունը ՇՀԿ-ի հիմնական սկզբունքներին վառ է նրա ջանքերում, որոնք ուղղված են բոլոր հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը և Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը։ Չնայած մարտահրավերներին և անվտանգության մշտական ​​սպառնալիքներին՝ Հայաստանը հավատարիմ է մնում Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին և դրա իրականացմանը։ Ինչպես բոլորդ գիտեք, Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է իր հարևան Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում։ Այսօր մենք ավելի քան երբևէ մոտ ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որը կողմերի միջև կհաստատի պաշտոնական միջպետական ​​հարաբերություններ՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և ուժի կիրառումից կամ սպառնալիքից զերծ մնալու սկզբունքների վրա։ Արձանագրելով զգալի առաջընթաց բանակցություններում՝ կարող ենք ընդգծել, որ Խաղաղության պայմանագիրն այժմ համաձայնեցված է և պատրաստ է ստորագրման»,- տեղեկացրեց դիվանագետը։

Կարապետյանի դիտարկմամբ՝ համագործակցության առևտրատնտեսական և լոգիստիկ բաղադրիչները հանդիսանում են նաև ՇՀԿ-ի շրջանակում առաջնահերթ ուղղություններ։ Պատմականորեն Հայաստանը միշտ եղել է Հյուսիսը Հարավին և Արևմուտքը Արևելքին կապող խաչմերուկում: Այսօր նույնպես Հայաստանը, ելնելով իր աշխարհագրական դիրքից, պատրաստ է ծառայել որպես կապող օղակ՝ վերականգնելու տարածաշրջանի կարևոր դերը Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք գլոբալ փոխգործակցություններում։

«Տարածաշրջանային կապերի և կապի ամրապնդման մեր տեսլականը հստակ արտացոլված է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ, որը ներկայացրել է Հայաստանի վարչապետը դեռ 2023 թվականին՝ այն դիտարկելով որպես խաղաղության օրակարգի կարևոր մաս։ Ուրախ ենք ընդգծել, որ այս նախաձեռնությունը ողջունվել է մեր գործընկերներից շատերի կողմից: Այդ ծրագրի առանցքային էությունը Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև հաղորդակցության զարգացումն է ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի, մալուխների և էլեկտրահաղորդման գծերի վերանորոգման, կառուցման և շահագործման միջոցով»,- ասաց Կարապետյանը։ 

Նա շեշտեց, որ Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ բանակցություններում Հայաստանն առաջնորդվում է տարածաշրջանային երթուղիների համապարփակության, ներառականության, ոչ խտրական օգտագործման տեսլականով՝ հիմնված ինքնիշխանության, ազգային իրավասության, փոխադարձության և հավասարության սկզբունքների վրա՝ այդպիսով կառուցելով բարգավաճ ապագա բոլոր շահագրգիռ կողմերի համար տարածաշրջանում և դրանից դուրս։ Այս նախագծով Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ նպաստելու տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը։ Այս նախաձեռնությունը կարող է մեծացնել վստահությունը՝ խթանելով մեր տարածաշրջանի երկրների միջև ավելի լավ փոխգործակցությունը:

«Հայաստանի Հանրապետությունը կարևորում է ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և պետական ​​սահմանների անձեռնմխելիության, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքները, որոնք դրված են ՇՀԿ-ի գործունեության հիմքում։ Խաղաղություն, անվտանգություն և տնտեսական զարգացում. ահա թե ինչ է փորձում Հայաստանը կյանքի կոչել մեր տարածաշրջանում, և մենք պետք է գոհունակությամբ արձանագրենք, որ այստեղ խաղաղության մեր հիմնական սկզբունքներն ու տեսլականը համընկնում են ՇՀԿ-ի առանցքային մոտեցումների հետ։ Ավելին, ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն իր նպատակներով և ներուժով կարող է լինել ՇՀԿ-ի օրակարգի կարևոր բաղադրիչ՝ կազմակերպության շրջանակում առևտրատնտեսական համագործակցության և տրանսպորտային փոխկապակցման խթանման ուղղությամբ»,- նշեց ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը։

Կարապետյանի պնդմամբ՝ «Խաղաղության խաչմերուկը» ուղղված չէ բացառապես Հարավային Կովկասի և մերձակա հարևանության առևտրային և լոգիստիկ խնդիրների լուծմանը, այլ հավակնություններ ունի միավորելու տարբեր տարածաշրջաններ՝ ինտեգրվելով գոյություն ունեցող և դեռևս մշակվող միջազգային ուղիներին։ Այն հսկայական ներուժ ունի միջազգային լոգիստիկ շղթաներում լուրջ փոփոխություն կատարելու և տարածաշրջանի կարևորությունը շարժունակության և միջազգային բեռնափոխադրումների առումով վերականգնելու համար։

«Ինչպես տեսնում եք, Հայաստանը բացահայտորեն գործում է ՇՀԿ-ի կողմից հաստատված հիմնական սկզբունքներին համապատասխան՝ բարիդրացիական հարաբերությունները խթանելու, սահմանային խնդիրները երկխոսության միջոցով լուծելու և ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներին հավատարիմ մնալու առումով: Հայաստանը վարում է հավասարակշռված և հեռանկարային արտաքին քաղաքականություն, որը ձգտում է պահպանել խաղաղությունն ու կայունությունը՝ ընդլայնելով տնտեսական հնարավորությունները ինչպես իր հարևանների, այնպես էլ ավելի լայն տարածաշրջանի համար և ամրապնդելով մեր հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին»,- եզրափակեց Կարապետյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում