Չինաստան

ՇՀԿ-ն դարձել է աշխարհի խոշորագույն կազմակերպություններից մեկը և նշանակալի դեր է խաղում միջազգային հարաբերություններում. Չեն Մին

9 րոպեի ընթերցում

ՇՀԿ-ն դարձել է աշխարհի խոշորագույն կազմակերպություններից մեկը և նշանակալի դեր է խաղում միջազգային հարաբերություններում. Չեն Մին

ԵՊՀ-ում կայացավ Չինաստանի դեսպանության կողմից կազմակերպված «Շանհայի ոգու խթանում. Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) գործողության մեջ» թեմայով սեմինարը: 2025 թվականը հայտարարվել է «ՇՀԿ-ի կայուն զարգացման տարի»։ Որպես ՇՀԿ նախագահող երկիր՝ Չինաստանն այս աշնանը Տյանցզինում կհյուրընկալի ՇՀԿ գագաթնաժողովը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինն իր ելույթում ընդգծեց, որ ՇՀԿ-ն ծնվել է Չինաստանում և անվանվել է Չինաստանի Շանհայ քաղաքի պատվին, ուստի այն իրենց համար ունի հատուկ նշանակություն։ Իր գոյության գրեթե 24 տարիների ընթացքում կազմակերպությունն ​​անցել է զարգացման դժվարին ճանապարհ։ Այն անընդհատ ընդլայնվում է. Սկզբում ներառում էր 6 մասնակից երկիր, իսկ այժմ ​​վերածվել է մեծ ընտանիքի՝ ներառելով 26 երկիր, այդ թվում՝ 10 մասնակից երկիր, 2 դիտորդ երկիր և 14 երկխոսության գործընկեր երկրներ։  

«Այսօր ՇՀԿ-ն դարձել է աշխարհի խոշորագույն համապարփակ տարածաշրջանային համագործակցության կազմակերպությունը տարածքով և բնակչությամբ, և այն նշանակալի դեր է խաղում միջազգային հարաբերություններում: Բացի այդ, ՇՀԿ-ն մշտապես ընդլայնում է համագործակցության շրջանակը՝ անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում համագործակցության սկզբնական շեշտադրումից մինչև վեց ոլորտներում համագործակցության համապարփակ խթանում՝ քաղաքականություն, անվտանգություն, տնտեսություն, հումանիտար հարցեր, արտաքին հարաբերություններ և ինստիտուտների ստեղծում»,- ասաց Չեն Մինը: 

Նրա խոսքով՝ ՇՀԿ-ի զարգացումը համապատասխանում է տարածաշրջանային իրողություններին և բավարարում է բոլոր կողմերի կարիքները և ստեղծել է նոր տեսակի միջազգային հարաբերությունների կառուցման մոդել։ Չեն Մինի պնդմամբ՝ ՇՀԿ-ն կայունության գործոն է բերում համաշխարհային և տարածաշրջանային համակարգին։

«Այսօր աշխարհը բախվում է ճգնաժամերի և փոփոխությունների։ Համաշխարհային մասշտաբով որոշակիությունը դառնում է ավելի սակավ ռեսուրս: Որոշ երկրներ կենտրոնանում են սեփական շահերի վրա։ Նրանք «փոքր բակերի շուրջ բարձր պատեր» են կառուցում, գաղափարական սահմաններից ելնելով ստեղծում են «փակ շրջանակներ»։ ՇՀԿ-ն հաստատակամորեն հավատարիմ է դաշինքների հետ չմիանալու սկզբունքին և չի թիրախավորում երրորդ կողմերին և պաշտպանում է բաց համագործակցության սկզբունքը։ Միասին մենք ճանապարհ ենք հարթում զարգացման համար՝ հիմնված փոխշահավետ գործընկերության վրա»,- ասաց դիվանագետը։ 

Չեն Մինը հավաստիացրեց, որ ընդհանուր, համապարփակ, համագործակցային և կայուն անվտանգության հայեցակարգի համաձայն՝ Չինաստանն իր նախագահության ընթացքում կնպաստի Անվտանգության մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու համընդհանուր կենտրոնի, Տեղեկատվական անվտանգության կենտրոնի, միջազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կենտրոնի և թմրամիջոցների դեմ պայքարի կենտրոնի ստեղծմանը: Այս միջոցառումները կօգնեն ստեղծել անվտանգության միասնական համայնք, որը կնպաստի Համաշխարհային անվտանգության նախաձեռնության իրականացմանը, տարածաշրջանում երկարաժամկետ կայունության ապահովմանը և միջազգային անվտանգության ամրապնդմանը:

«ՇՀԿ-ն բոլոր երկրների համար ծառայում է որպես իրական բազմակողմ համագործակցության օրինակ։ Կազմակերպությունն առաջնորդվում է «Շանհայի ոգով», որը ներառում է փոխադարձ վստահություն, փոխշահավետություն, հավասարություն, խորհրդակցություն, հարգանք քաղաքակրթությունների բազմազանության նկատմամբ և ընդհանուր զարգացման ձգտում։ ՇՀԿ-ն միշտ հավատարիմ է կոնսենսուսի սկզբունքին և հանդես է գալիս հավասար երկխոսության և բոլոր կողմերի շահերի հարգման կողմնակից: Բոլոր մասնակից երկրները՝ անկախ տարածքի չափից, բնակչության թվից և քաղաքական և տնտեսական զարգացման մակարդակից, համատեղ մշակում են տարբեր ոլորտներում համագործակցության ռազմավարություններ և կոնկրետ ծրագրեր»,- նշեց ՀՀ-ում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը:

Նրա հավաստմամբ՝ ՇՀԿ-ն իր անդամ երկրներին զարգացման նոր հնարավորություններ է տալիս։ Նա հիշեցրեց, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, հիմնվելով կայուն խաղաղության և ընդհանուր բարգավաճման ցանկության վրա, առաջարկեց կառուցել «հինգ ընդհանուր տուն», այսինքն՝ համախմբվածության և փոխվստահության ընդհանուր տուն, խաղաղության և հանգստության ընդհանուր տուն, բարգավաճման և զարգացման ընդհանուր տուն, բարիդրացիության և բարեկամության ընդհանուր տուն, հավասարության և արդարության ընդհանուր տուն:

2025 թվականը լինելու է ՇՀԿ-ի կայուն զարգացման տարի։ Որպես ՇՀԿ-ում նախագահող երկիր՝ Չինաստանն ակտիվորեն ներգրավված է այլ կողմերի հետ համագործակցության և գլոբալ զարգացման ութ հիմնական ոլորտներում՝ ներառյալ աղքատության կրճատումը, պարենային անվտանգությունը, առողջապահությունը, զարգացման ֆինանսավորումը, կլիմայի փոփոխությունը և կանաչ զարգացումը, արդյունաբերականացումը, թվային տնտեսությունը և փոխկապակցվածությունը, որոնք արագացնում են «Մեկ գոտի և մեկ ճանապարհի» բարձրորակ շինարարության, տարածաշրջանային համագործակցության նախաձեռնությունների և անդամ երկրների զարգացման ռազմավարությունների միջև փոխազդեցությունը: 

«ՇՀԿ-ն քննարկումների հարթակ չէ, այլ գործողությունների կազմակերպում։ Այս տարի Չինաստանն ընտրեց «Շանհայի ոգու խթանում. ՇՀԿ-ն գործողության մեջ» թեման և հատկապես կենտրոնացավ «գործողության» վրա: Մենք ձգտում ենք կոնկրետ միջոցառումների միջոցով խորացնել գործնական համագործակցությունը բոլոր ոլորտներում։ Որպես իր նախագահության մաս՝ Չինաստանը նախատեսում է անցկացնել ավելի քան 100 միջոցառում, այդ թվում՝ ՇՀԿ քաղաքական կուսակցությունների ֆորումը, աղքատության հաղթահարման և կայուն զարգացման ֆորումը, ժողովուրդների միջև բարեկամության և քույր քաղաքների բարեկամության ֆորումը, Ներդրումների և առևտրի միջազգային ցուցահանդեսը և այլ խոշոր միջոցառումներ»,- մանրամասնեց դիվանագետը:

Չեն Մինն իր ելույթում շեշտեց, որ Չինաստանը և Հայաստանը լավ բարեկամներ են և վստահելի գործընկերներ, որոնք համագործակցությունը կառուցում են փոխադարձ հարգանքի և փոխշահավետության սկզբունքի հիման վրա։ Կողմերը շարունակում են խորացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում, աջակցություն ցուցաբերել միմյանց հիմնական շահերին և կարևոր մտահոգություններին առնչվող հարցերի շուրջ, ինչպես նաև սերտորեն համագործակցել բազմակողմ կազմակերպությունների շրջանակներում, ինչպիսիք են ՇՀԿ-ն և ՄԱԿ-ը:

«Մեր երկրները աջակցում են իրական բազմակողմանիությանը և պաշտպանում են երկու երկրների և ամբողջ զարգացող աշխարհի ընդհանուր շահերը։ Հայաստանը մեր դաշնակիցն է ՇՀԿ-ի ամրապնդման և ընդլայնման գործընթացում. 2015 թվականին Ուֆայում ՇՀԿ գագաթնաժողովում որոշում է կայացվել Հայաստանին երկխոսության գործընկերոջ կարգավիճակ տրամադրելու մասին, իսկ 2016 թվականին Հայաստանը պաշտոնապես դարձել է ՇՀԿ երկխոսության գործընկեր։ Վերջին տարիներին Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ՇՀԿ-ի շրջանակներում տարբեր միջոցառումների։ Անցյալ տարի Հայաստանի վարչապետի կինը՝ տիկին Հակոբյանը, այցելել էր Չինաստան՝ մասնակցելու ՇՀԿ կանանց համաժողովին։ Նա կարծիքներ է փոխանակել տարբեր երկրների ներկայացուցիչների հետ «Թվային ակտիվացումը և կանանց մասնակցությունը տնտեսության մեջ» թեմայով և համատեղ նպաստում է կանանց միջազգային գործերի զարգացմանը»,- տեղեկացրեց դիվանագետը։ 

Չեն Մինն իր ելույթի վերջում նշեց, որ չինական կողմը ողջունում է Հայաստանի ավելի ակտիվ մասնակցությունը ՇՀԿ-ի շրջանակում գործնական համագործակցությանը` համատեղ նպաստելու ՇՀԿ-ի հետագա զարգացմանը, կազմակերպության դերին տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման գործում և նպաստելու ընդհանուր զարգացմանն ու բարգավաճմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում