Մերձավոր Արևելք

Նեթանյահուն ժամանել է Հունգարիա՝ չնայած ՄՔԴ-ի ձերբակալման հրամանին

2 րոպեի ընթերցում

Նեթանյահուն ժամանել է Հունգարիա՝ չնայած ՄՔԴ-ի ձերբակալման հրամանին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաշտոնական այցով ժամանել է Բուդապեշտ, որտեղ երկու օր բանակցություններ կվարի Հունգարիայի իր պաշտոնակից Վիկտոր Օրբանի հետ։ Ակնկալվում է, որ նրանք կքննարկեն իրադրությունը Մերձավոր Արևելքում և երկկողմ համագործակցության զարգացումը, այդ թվում՝ տնտեսական բնագավառում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այցի մասին հայտնել է The Times of Israel պարբերականը:

Բուդապեշտում բանակցությունների թեմաներից մեկը կարող է լինել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը՝ Գազայի հատվածը վերածելու Միջերկրական ծովի միջազգային հանգստավայրի պաղեստինյան անկլավի բնակիչներին այլ երկրներ վերաբնակեցնելուց հետո։ 

«Նեթանյահուն փորձում է ստեղծել կոալիցիա հնարավորինս շատ երկրներից, որոնք հավանություն կտան Գազայի վերաբերյալ Թրամփի պլանին», - ասել է հրատարակության աղբյուրը։

Հունգարիան Իսրայելի և պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև զինված հակամարտության հենց սկզբից անցել է  հրեական պետության կողմը՝ հայտարարելով ահաբեկչական հարձակումից պաշտպանվելու նրա իրավունքի մասին։

Սա Նեթանյահուի առաջին այցն է Եվրոպա այն բանից հետո, երբ Հաագայի Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) 2024 թ. նոյեմբերին նրան ձերբակալելու հրաման է տվել Պաղեստինի տարածքում «մարդկության դեմ կատարած հանցագործությունների և պատերազմական հանցագործությունների» համար։ 

Օրբանն այդ որոշումն անվանել է «անհեթեթ և ամոթալի»։ Նա իսրայելացի պաշտոնակցին  հավաստիացրել է, որ Հունգարիան չի կատարի դատարանի որոշումը:

Ավելին, Նեթանյահուի այցի ֆոնին Հունգարիան հայտարարել է ՄՔԴ-ից դուրս գալու ընթացակարգ սկսելու որոշման մասին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում