Աշխարհ

Մյանմայում և Թաիլանդում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից շուրջ 60 մարդ է զոհվել

2 րոպեի ընթերցում

Մյանմայում և Թաիլանդում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից շուրջ 60 մարդ է զոհվել

Մյանմայում և Թաիլանդում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով մինչ այժմ գրանցվել է 59 զոհ և ավելի քան 250 վիրավոր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է News18-ը։

Զոհերից 55-ը և 200 վիրավորները գրանցվել են Մյանմայում երկու իրար հաջորդող երկրաշարժերի հետևանքով։ Մինչդեռ Թաիլանդում գրանցվել է 4 զոհ և ավելի քան 50 վիրավոր։ Բացի այդ, 81 մարդ անհետ կորել է։

ԱՄՆ Երկրաբանական ծառայության գնահատմամբ՝ առնվազն 800 000 մարդ ցնցումներ է զգացել 7,7 մագնիտուդով Մյանմայի երկրաշարժի ժամանակ։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ ըստ Սեյսմոլոգիայի ազգային կենտրոնի՝ Մյանմայում տեղի է ունեցել առնվազն վեց հետցնցում, որոնցից վերջինը՝ 4,3 մագնիտուդ ուժգնությամբ։

Երկրաշարժի հետևանքով փլուզվել է Մյանմայի Մանդալայ քաղաքում գտնվող խորհրդանշական Ավա կամուրջը։  

Իր հերթին, Թաիլանդի փոխվարչապետ Ֆումթամ Վեչայաչայը հայտնել է, որ առնվազն երեք աշխատող է զոհվել Թաիլանդում կառուցվող բարձրահարկ շենքի փլուզումից հետո, 81 մարդ մնացել է փլատակներում։

Թաիլանդի վարչապետ Պաետոնգտար Շինավատրան արտակարգ դրություն է հայտարարել Բանգկոկում, որտեղ դադարեցվել են մետրոպոլիտենի և երկաթուղային տրանսպորտի մի շարք ծառայություններ։

Ֆրանսիայի կառավարությունը, ինչպես նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը պատրաստակամություն են հայտնել աջակցել Մյանմային և Թաիլանդին։

Ավելի վաղ տեղեկություններ էին հաղորդվել, որ Մյանմայում մարտի 28-ին տեղի են ունեցել երկու իրար հաջորդող երկրաշարժեր, որոնցից մեկը՝ 7,7, իսկ մյուսը՝ 6,4 մագնիտուդով: Ցնցումները զգացվել են նաև Չինաստանում, Կամբոջայում, Բանգլադեշում և Հնդկաստանում։ 

Գլոբալ սեյսմիկ ռիսկի քարտեզի վրա Մյանման գտնվում է կարմիր գոտում՝ երկրաշարժերի միջինից բարձր ռիսկով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում