Ռուսաստանն ուկրաինացի հինգ երեխայի է վերադարձրել Կատարի միջնորդությամբ
2 րոպեի ընթերցում

Հինգ երեխաներ շուտով կմիանան իրենց հարազատներին Ուկրաինայում՝ ՌԴ նախագահին առընթեր երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի աջակցությամբ և Կատարի միջնորդությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Ռուսաստանում Կատարի դեսպան Ահմեդ բեն Նասեր Ալ Թանին և երեխաների օմբուդսմենի աշխատակազմի ղեկավար Ալեքսեյ Ղազարյանը Մոսկվայում Կատարի դեսպանատանը հանդիպել են երեխաների, նրանց մերձավորների և ուղեկցող անձանց հետ։
Ինչպես լրագրողներին հայտնել է հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան, Ուկրաինայում իրենց հարազատների՝ հիմնականում մայրերի և հայրերի հետ կմիավորվի հինգ երեխա՝ 11-ից 17 տարեկան երկու աղջիկ և երեք տղա:
«Շնորհակալություն Կատարի պետությանն այս գործընթացում օգնության համար. նրանք ստանձնում են բանակցություններն ուկրաինական կողմի հետ, տրանսպորտային և այլ ծախսեր, երեխաների և նրանց մերձավորների ուղեկցությունը: Օգնել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և պրոֆիլային գերատեսչությունների ներկայացուցիչներ», - ընդգծել է Լվովա-Բելովան:
Երեխաների օմբուդսմենի մամուլի ծառայության տվյալներով՝ ՌԴ նախագահին առընթեր երեխաների իրավունքների հարցերով հանձնակատարի աջակցությամբ Ռուսաստանում 13 ընտանիքի 20 երեխա միավորվել է հարազատների հետ, 80 ընտանիքից 100 երեխա միավորվել է հարազատների հետ Ուկրաինայում և երրորդ երկրներում: