Պրահան հուսով է, որ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի. հարցազրույց Հայաստանում Չեխիայի դեսպանի հետ

19 րոպեի ընթերցում

Չեխիան գնահատում է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման շուրջ Հայաստանի ղեկավարության կառուցողական մոտեցումը։ Հասկանալի է, որ հայ ժողովուրդը և Հայաստանի կառավարությունը հավատարիմ են տարածաշրջանում խաղաղության հասնելուն: Պրահան հուսով է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի, ինչը կնպաստի նաև Հայաստանի ծաղկմանն ու բարգավաճմանը։

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը։  Վերջինս նաև խոսել է քաղաքական, տնտեսական, պաշտպանության և այլ ոլորտներում Հայաստանի և Չեխիայի երկխոսության մասին, անդրադարձել Հայաստան-Եվրամիություն գործընկերության զարգացման հեռանկարներին։

Դեսպան Պիրունչիկն, անդրադառնալով Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների հնարավոր ապաշրջափակմանն ու այդ ուղղությամբ Հայաստանի գործադրած ջանքերին, ընդգծել է, որ Պրահան ուշադիր հետևում է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և այն հետաքրքիր առաջարկ է համարում։ Դեսպանի դիտարկմամբ՝ այդ նախաձեռնությունը կարող է նպաստել տարածաշրջանային կայունության հաստատմանը։

Հարցազրույցն անցկացվել է 2025 թվականի մարտի 13-ին։

-Պարոն դեսպան, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև հարաբերությունների ներկա քաղաքական մակարդակը և այս առումով ի՞նչ կարևոր կետեր կառանձնացնեք:

-Չեխիայի և Հայաստանի հարաբերությունները երբեք ավելի ամուր չեն եղել՝ պայմանավորված ԵՄ-ի և Հայաստանի միջև խորացող կապերով։ Չեխիայի Հանրապետությունն ակտիվորեն համագործակցում է Հայաստանի իշխանությունների հետ՝ ամրապնդելու համագործակցությունը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ պաշտոնական ներգրավվածությունները, տնտեսական և առևտրային հարաբերությունները, նախարարությունների և գերատեսչությունների միջև ինստիտուցիոնալ գործընկերությունը, ուսանողների, արվեստագետների և մշակութային այլ գործիչների մասնակցությամբ մարդկանց միջև շփումները: Մենք նաև ակտիվացրել ենք Չեխիան Հայաստանում ճանաչելի դարձնելու ջանքերը՝ ցուցադրելով չեխական բիզնեսը, մշակույթը և սպորտը: Հարկ է նաև նշել, որ մենք տալիս ենք ռեկորդային թվով շենգենյան վիզաներ՝ ավելի հեշտացնելով ճանապարհորդությունները և փոխանակումները մեր ազգերի միջև։ 

-2024 թվականի հոկտեմբերի 15-18-ը Չեխիայի պաշտպանության նախարարության հրավերով ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորությամբ, մասնակցել է Պրահայում կայացած «Ապագա ուժերի ֆորում 2024» միջազգային ցուցահանդեսին։ Միջոցառման շրջանակներում տեղի են ունեցել պաշտոնական հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։ Բացի այդ, Հայաստանի և Չեխիայի միջև կա ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր՝ ստորագրված 2019 թվականի ապրիլին։ Պարոն դեսպան, ինչպե՞ս կգնահատեք երկու երկրների հարաբերությունները պաշտպանության ոլորտում և ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ այդ այցերը երկու երկրների ռազմական կապերի վրա։

-Ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի վավերացումը կարևոր հանգրվան էր Հայաստան-Չեխիա պաշտպանական հարաբերություններում։ Այդ ժամանակից ի վեր՝ այս ոլորտում երկկողմ ներգրավվածությունն ակտիվացել է։ Վերջին մեկ տարվա ընթացքում եղել են պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների փոխայցելություններ․ Չեխիայի պաշտպանության փոխնախարարը՝ պաշտպանական արդյունաբերության ընկերությունների պատվիրակության ուղեկցությամբ եկավ Հայաստան, 
Հայաստանի պաշտպանության փոխնախարարն այցելեց Չեխիա։ Ինչպես նշեցիք, հայկական պատվիրակությունը մասնակցել է Չեխիայի Հանրապետության սպառազինության ամենամեծ տոնավաճառին: Թեև ես չեմ կարող հստակ մանրամասներ բացահայտել, բայց կարող եմ հաստատել, որ երկու կողմերն էլ ակտիվորեն ուսումնասիրում են համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու հնարավորությունները:

-Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է տարբեր գործընկերներից զենք ձեռք բերելու մեջ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը որևէ երկրի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ չէ և սպառազինություն է ձեռք բերում բացառապես երկրի սահմանների և տարածքային ամբողջականության պաշտպանության համար։ Այսպիսով, Բաքուն սրանում մեղադրում է Երևանին՝ միաժամանակ ձեռք բերելով Հայաստանից մի քանի անգամ ավելի մեծ քանակությամբ զենք և կրկնապատկելով իր ռազմական բյուջեն։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Ադրբեջանը կարող է միլիոնավոր դոլարներ ծախսել զենք գնելու համար, իսկ Հայաստանը չի կարող զենք գնել սեփական երկիրը պաշտպանելու համար։

-Մենք ուշադիր հետևել ենք սպառազինության ձեռքբերման վերաբերյալ հրապարակային հռետորաբանությանը և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում։ Մենք ուսումնասիրել ենք ռազմական ծախսերն ու ներդրումներն արձանագրող թվերն ու համեմատել դրանք։ Ակնհայտ է, որ երկու երկրներն էլ ավելացրել են ներդրումներն իրենց ռազմական և պաշտպանության ոլորտում։ Սա ինչ-որ տեղ հասկանալի է ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում, և, բնականաբար, երկու երկրներն էլ ունեն իրենց ինքնիշխան իրավունքը՝ ներդրումներ կատարելու իրենց պաշտպանական կարողություններում։ Միևնույն ժամանակ, մենք ուշադիր հետևում ենք, թե ուր են գնում ներդրումները։ Ես չեմ կարող մեկնաբանել Ադրբեջանի նախագահի խոսքերը։ Մենք, իհարկե, վերլուծում և հասկանում ենք նման հռետորաբանության ենթատեքստը և այն համարում ենք մեծամասամբ Ադրբեջանի ներքաղաքական բանավեճի մի մասը։

-Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև տնտեսական հարաբերությունները և համագործակցությունը. ինչպե՞ս կգնահատեք երկու կողմերի տնտեսական կապերը, և որքա՞ն է եղել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը 2024 թվականին։ Ի՞նչ միտումներ են նկատվում երկկողմ արտահանման և ներմուծման շուկաներում:

-Սկսած 2021 թվականից՝ Չեխիայի և Հայաստանի միջև երկկողմ առևտուրն աճի միտում ունի: Չեխիայի վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2024 թվականին երկկողմ առևտրի ծավալը կազմել է մոտավորապես 87,2 միլիոն եվրո: Հայաստանի հիմնական արտահանումը Չեխիա ներառում է ալյումինե փայլաթիթեղ, ֆերոհամաձուլվածքներ և տեքստիլ, իսկ Չեխիայից Հայաստան արտահանվող ապրանքների առաջատար եռյակի մեջ են սմարթֆոններն ու նմանատիպ սարքավորումները, տրակտորներն ու տվյալների ավտոմատ մշակման համակարգերը։ Առևտրի կտրուկ և անսովոր աճ է նկատվել 2022 թվականից հետո, որին հաջորդել է նորմալացման փուլը՝ առևտրի դինամիկան վերադարձնելով կայուն աճի մակարդակի։ Մենք զգալի ներուժ ենք տեսնում երկկողմ առևտրի հետագա զարգացման համար՝ Հայաստանին ներկայացնելով կայացած և հեղինակավոր չեխական ընկերություններ ու ապացուցված տեխնոլոգիաներ։ Բացի այդ, Հայաստանի զարգացող արդյունաբերական ոլորտը կարող է առևտրի նոր հնարավորություններ բացել, քանի որ այն ներկայում գործում է իր ողջ կարողություններից ցածր՝ միաժամանակ ունենալով հզոր ներուժ:

-Պարոն դեսպան, ըստ Ձեզ՝ որո՞նք են այն ոլորտները, որոնք առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և խորացման տեսանկյունից:

-Մենք աջակցում ենք Հայաստանում բարեփոխումների շարունակմանը։ Դա կարևոր գործընթաց է, որը բարդ է, բայց կառուցվածքային և մեծ ազդեցություն ունի։ Մենք հուսով ենք, որ հայ ժողովուրդը տեսնում է այս ջանքերն, ի վերջո, դրանք բխում են նրանց շահերից: 

Որպես դեսպան՝ ես այստեղ եմ արդեն 2 տարի, բայց մինչ այդ մի քանի անգամ եղել եմ Հայաստանում։ Ես տեսնում եմ, թե այս տարիների ընթացքում երկիրն ինչ առաջընթաց է գրանցել, և դա հատկանշական է ու հիացմունքի արժանի։ 

Եվս մեկ առանցքային ոլորտ, որը կենտրոնանում է ինչպես Չեխիայի Հանրապետության, այնպես էլ Եվրամիության համար, որպես ամբողջություն, տնտեսական կապերի ամրապնդումն է: Մեր երկրների միջև առևտրաշրջանառության աճը շատ կարևոր է հատկապես Հայաստանի երկարաժամկետ զարգացման համար: Տնտեսության ոլորտում չօգտագործված զգալի ներուժ է մնում, և օտարերկրյա ներդրումների ներգրավումը կենսական է։ Հայաստանի արդյունաբերական հատվածն աստիճանաբար վերականգնվում է 1990-ականների փլուզումից հետո, սակայն դեռ զգալի մարտահրավերներ են մնում։ Միևնույն ժամանակ, մենք տեսնում ենք հայկական մրցունակ ապրանքների աճող թվաքանակը, որը դուրս է գալիս դեպի եվրոպական շուկաներ, ինչը հուսադրող նշան է: 

Մեկ այլ շատ կարևոր և առաջնահերթ թեմա, որը հուզում է Հայաստանի բոլոր մարդկանց, դա վիզային ռեժիմի ազատականացումն է։ Առանց վիզայի ռեժիմի շուրջ երկխոսությունն արդեն սկսվել է, ներգրավված փորձագետները բանակցություններ են վարում անհրաժեշտ պայմանների և հետագա քայլերի շուրջ։ Ես սա համարում եմ մեր երկկողմ հարաբերությունների առաջնահերթ թեմաներից մեկը։ 

Մեկ այլ կոնկրետ առաջնահերթություն է մեր երկու երկրների միջև կապի ամրապնդումը: Մենք փորձել ենք վերսկսել ուղիղ չվերթները Երևանի և Պրահայի միջև և կապի մեջ ենք եղել ինչպես օդանավակայանների, այնպես էլ մի քանի ավիաընկերությունների հետ: Բանակցությունները շարունակվում են, և ես թունելում լույս եմ տեսնում: Այս կապի վերահաստատումը զգալիորեն կուժեղացնի չեխերի և հայերի միջև կապերը:

-Իրավիճակը Հարավային Կովկասում. պարոն դեսպան, արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ։ Ամիսներ առաջ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև պետական ​​սահմանի սահմանազատման վերաբերյալ և սահմանազատվել է սահմանի որոշակի հատված։ Ինչպե՞ս կգնահատեք այս բանակցությունները և, ընդհանրապես, ինչպիսի՞ն է Պրահայի տեսակետը Երևանի և Բաքվի միջև ընթացող բանակցությունների վերաբերյալ։

-Մենք վաղուց ենք ընդգծել մեր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և տևական ու կայուն խաղաղության համաձայնագրին։ Մենք նաև նպաստել ենք ձեր (խմբ․ նկատի է առնվում Հայաստանը) երկրի և Ադրբեջանի միջև երկխոսությանը և՛ որպես ԵՄ-ի անդամ, և՛ որպես Չեխիա։ Դրա առանցքային օրինակն էր վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի՝ Պրահայում կայացած հանդիպումը։ Մենք նաև կրկնում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունների արդյունքը միայն խաղաղության համաձայնագիրը կլինի։ Մենք ուշադիր հետևել ենք իրադարձությունների զարգացմանը և տեղեկացված ենք խաղաղության համաձայնագրի տարբեր առաջարկների փոխանակման մասին։ Մենք գնահատում ենք, որ բանակցային գործընթացը շարունակվում է և ընդունում ենք Հայաստանի ղեկավարության կառուցողական մոտեցումը՝ լուծմանը ձգտելու հարցում։ Հասկանալի է, որ հայ ժողովուրդը և Հայաստանի կառավարությունը հավատարիմ են տարածաշրջանում խաղաղության հասնելուն: Հուսով եմ, որ խաղաղության պայմանագիր շուտով կստորագրվի, և որ այն կնպաստի Հայաստանի ծաղկմանը։

-Պարոն Պիրունչիկ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը հրապարակել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն՝ ուղղված տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ի՞նչ դիրքորոշում ունի Չեխիան այս նախաձեռնության վերաբերյալ

-Մենք ուշադիր հետևում ենք «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և այն հետաքրքիր առաջարկ ենք համարում։ Այս պահին մենք Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը կարևորագույն առաջնահերթություն ենք համարում, և այս նախաձեռնությունը կարող է նպաստել դրան։ Նման արդյունքը կնպաստի տարածաշրջանի համակողմանի զարգացմանը՝ ներառյալ տրանսպորտային և էներգետիկ ցանցերի կառուցումը, ինչը, ենթադրում եմ, բխում է բոլորի շահերից։ 

-Հունվարին Եվրոպական խորհուրդը ևս երկու տարով՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատը երկարաձգելու մասին որոշում ընդունեց։ Ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը և որքանո՞վ եք կարևոր համարում առաքելության ժամկետի երկարաձգումը Հայաստանի և Հարավային Կովկասի համար: 

-Մեր հայ գործընկերները բազմիցս նշել են, որ Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը ողջունվում է և այն կարևոր ներդրում է Հայաստանի անվտանգության գործում։ Մենք հպարտ ենք, որ Չեխիան կարող է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության զգալի մաս լինել: Ներկայում յոթ չեխեր հպարտությամբ ծառայում են առաքելության կազմում: Ուրախ էինք՝ իմանալով, որ առաքելության մանդատը երկարաձգվել է։ Եվս մեկ անգամ ուզում եմ կրկնել, որ մենք՝ չեխերս, կցանկանայինք տեսնել խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկաս։

-Պարոն դեսպան, Ադրբեջանը մշտապես դժգոհություններ է հայտնել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ՝ հայտարարելով, որ առաքելությունը չի նպաստում Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին և մեղադրում է առաքելությանը սահմանամերձ տարածքներում հետախուզական աշխատանքներ իրականացնելու մեջ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի այս պնդումները, և Ձեր կարծիքով՝ ո՞րն է Բաքվի նման հայտարարությունների նպատակը։

-Կրկին ներողություն եմ խնդրում, բայց չեմ պատրաստվում մեկնաբանել Ադրբեջանի ներկայացուցիչների հայտարարությունները։ Պարզապես կհիշեցնեմ, որ առաքելությունը դիտորդական է, որի հիմնական նպատակն է նպաստել ավելի անվտանգ տարածաշրջանին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը:

-Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է ԵՄ-ին անդամակցելու մասին օրինագիծը։ Օրինագիծը նախաձեռնել են մի քանի քաղաքացիական կազմակերպություններ՝ ստորագրահավաքի միջոցով, որը հավաքել է բավարար ձայներ՝ որպես օրինագիծ խորհրդարանի քննարկմանը ներկայացնելու համար։ Այն կոչ է անում Հայաստանի իշխանություններին սկսել ԵՄ-ին անդամակցելու գործընթաց։ Ձեր կարծիքով՝ այս որոշումն ի՞նչ նշանակություն կարող է ունենալ Հայաստանի և, մասնավորապես, Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման համար, որքանո՞վ եք հավանական համարում Հայաստանի անդամակցությունն ԵՄ-ին։

-Մենք ողջունում ենք այս նախաձեռնությունը և այն համարում ենք մեծամասամբ Եվրամիության հետ հարաբերությունների խորացման Հայաստանի շահագրգռվածության ազդանշան։ Հայաստանի ժողովուրդը ցանկանում է լավ կյանքով ապրել և հետաքրքրված է ԵՄ-ով։ Միևնույն ժամանակ, կան ստանդարտ ընթացակարգեր, թե ինչպես է երկիրը դառնում Եվրամիության անդամ։ Մինչ այժմ, ստանդարտ ընթացակարգերը չեն մեկնարկել։ Այնուամենայնիվ, մենք ընդունում ենք Հայաստանի հավատարմությունը եվրոպական արժեքներին և Եվրամիության հետ համագործակցության ակտիվացմանն ուղղված ուղին։ Այս շահագրգռվածությունն ու հանձնառությունը փոխադարձ են. Չեխիայի հանրությունը և ԵՄ-ը ևս շահագրգռված են Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնմամբ։

-Պարոն դեսպան, առաջիկայում նախատեսվո՞ւմ են Չեխիայից բարձր մակարդակի այցելություններ Հայաստան:

-Այո, իհարկե կան։ Հաջորդ շաբաթ Հայաստան են գալու Չեխիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները։ Նրանք պատրաստվում են այստեղ հանդիպել իրենց գործընկերների հետ, ինչպես նաև կայցելեն Հայաստանի մի քանի այլ վայրեր՝ Երևանից դուրս։ Սա, իմ կարծիքով, շատ կարևոր է, քանի որ արտասահմանցի այցելուները սովորաբար մնում են Երևանում և շրջաններ չեն գնում։ 

Ապրիլին սպասվում է Չեխիայի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնական այցը Հայաստան։ Օրակարգում շատ հարցեր կան. նախարարը Հայաստան կգա փորձագետների պատվիրակությամբ։ Որոշ թեմաներում, ինչպիսին է սոցիալական ծառայությունների թվայնացումը, Հայաստանը կարող է շատ ոգեշնչող օրինակ ծառայել Չեխիայի և նաև եվրոպական այլ երկրների համար։ Դուք մեծ առաջընթաց եք գրանցել թվայնացման ոլորտում, և նախարարի այցի մի մասը լինելու է փորձի փոխանակումը։  

Նախատեսվում են նաև բարձր մակարդակի որոշ այցեր Հայաստանից Չեխիա։ Օրինակ՝ շուտով պաշտոնական այցով Պրահա կգա Հայաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը։ 

Ապրիլին կազմակերպում ենք նաև բիզնես առաքելություն դեպի Հայաստան։ Այստեղ են գալիս գարեջրի տեխնոլոգիայով զբաղվող չեխական ընկերություններ։ Նրանք կհանդիպեն գարեջրի ինչպես խոշոր, այնպես էլ փոքր գործարանների ներկայացուցիչների հետ և կուսումնասիրեն հնարավոր համագործակցությունը։ Չեխական գարեջուրն, ինչպես գիտեք, բավականին լավն է, և մենք պատրաստ ենք կիսվել մեր տեխնոլոգիայով։ 

Սրանք մեր երկու երկրների պաշտոնական շփումների ընդամենը մի քանի օրինակ են։ Ինչպես արդեն ասացի, շատ կարևոր եմ համարում, որ Չեխիայի իմ համաքաղաքացիները գան այստեղ և իրենց աչքերով տեսնեն, թե ինչ է Հայաստանը և ինչ կարող է լինել:

Պարոն դեսպան, շնորհակալություն հարցազրույցի հնարավորության համար։

Հայերեն English Русский