Թուրքիա

Բերման է ենթարկվել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն

3 րոպեի ընթերցում

Բերման է ենթարկվել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կեցավայր ոստիկաններ են ներխուժել ու նրան բերման ենթարկել։ Սպասվում էր, որ Իմամօղլուն երկրի նախագահական ընտրություններում գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածուն կդառնա։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս առավոտ նրան բերման ենթարկվելուց առաջ Ստամբուլի համալսարանի ղեկավարությունը որոշել էր չեղարկել Իմամօղլուի և ևս 28 անձանց դիպլոմները՝ «անվավերություն» և «բացահայտ սխալ» պատճառաբանություններով։ Համալսարանի կառավարման խորհուրդը հայտարարել էր, որ Իմամօղլուի դիպլոմը չեղարկվել է։ Կիպրոսի համալսարանից Ստամբուլի համալսարան տեղափոխությունը, որը ժամանակին ընդունված  կարգ է եղել, այսօր համարվում է անվավեր։  

Վիճահարույց կերպով Իմամօղլուի դիպլոմի վերաբերյալ որոշումը կայացվեց ընդամենը օրեր առաջ այն բանից հետո, երբ սպասվում էր, որ նա մարտի 23-ին կայանալիք ԺՀԿ-ի կուսակցական ժողովում պաշտոնապես կդառնա նախագահության թեկնածու։ Շատերը դա դիտարկում են որպես Էրդողանի կողմից  Իմամօղլուի առաջադրումը խոչընդոտելու փորձ։ 

35 տարի անց Իմամօղլուի դիպլոմի չեղարկումը քաղաքական հակահարված է համարվում, քանի որ Թուրքիայում համալսարանական կրթության ավարտական վկայականը նախագահ դառնալու պայմաններից մեկն է։ Բացահայտ քաղաքական այս քայլը նաև ապօրինի է, քանի որ համալսարանական խորհուրդը նման որոշման իրավունք չունի. քաղաքագետների կարծիքով՝ սա ճնշումների ներքո կայացված որոշում է։ 

Իմամօղլուի և ևս 105 հոգու բերման ենթարկվելն առավոտվա վաղ ժամերից մեծ բողոքի ալիք է առաջացրել երկրում։ Այս պահի դրությամբ դժվար հասանելի են X, Youtube, Instagram համացանցային հարթակները, փակվել է Թաքսիմի հրապարակում գտնվող մետրոյի կայարանը։ Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որով Էքրեմ Իմամօղլուն որակվել է որպես «հանցավոր կազմակերպության առաջնորդ»։ 

Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո Ստամբուլի նահանգապետարանը քաղաքում 4 օրով արգելել է բոլոր տեսակի հավաքները և ցույցերը։ Որպես արգելքի պատճառ նշվում է նահանգում հասարակական կարգի պահպանումը և սադրիչ գործողությունների կանխարգելումը։

Իմամօղլուն 2019 թվականին Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց ի վեր բախվել է բազմաթիվ իրավական գործերի, որոնցով նրան փորձել են քաղաքականությունից հեռացնել։ Դրանց թվում են պաշտոնական լիազորությունները չարաշահելու, մրցույթի կեղծման, կաշառակերության և «ահաբեկչության դեմ պայքարող» պետական պաշտոնյային սպառնալու մեղադրանքները, որոնք առաջադրվել են կառավարական մարմինների կողմից։ Նա նախկինում հայտարարել էր, որ Էրդողանը ցանկանում է իրեն բանտարկել մինչև 25 տարի ժամկետով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում