Իրավունք

Բյուրականի նախկին ղեկավարի ու վերջինիս տեղակալի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է ներկայացնում

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի նախկին ղեկավարը կատարել է առանձնապես խոշոր չափերով հափշտակություն, այն է՝ համայնքի բնակչին պատկանող 0.1537 հա և Բյուրական համայնքին պատկանող 0.1359 հա մակերեսով բնակելի, ընդհանուր՝ 5.204.000 ՀՀ դրամ արժողությամբ 2 հողամասերի նկատմամբ խաբեությամբ ձեռք է բերել սեփականության իրավունք։ 

«Համայնքի ղեկավարը, քաղաքացի Հ. Հ.-ին պատկանող 0,15 հա հողամասը խաբեությամբ իր սեփականությունը դարձնելու դիտավորությամբ, հանդես է եկել որպես համայնքի բնակիչ, իսկ իր փոխարեն, որպես համայնքի ղեկավար, ներկայացել է տեղակալը: Վերջինս, իրականում չունենալով համայնքի ղեկավարի լիազորություններ, կազմել և համայնքի ղեկավարին է տրամադրել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ քաղվածք՝ նշված հողամասը 2014 թ. հոկտեմբերի 29-ին իբր համայնքի ղեկավարին հատկացված լինելու մասին, ինչպես նաև, անցնելով իր պաշտոնեական լիազորությունները, համայնքի ղեկավարի փոխարեն նույն ամսաթվով կայացրել է տվյալ հողամասի նկատմամբ վերջինիս սեփականության իրավունքը ճանաչելու մասին ապօրինի որոշում։

Բացի այդ, համայնքի ղեկավարի տեղակալը Բյուրական համայնքին սեփականության իրավունքով պատկանող 0.12 հա բնակավայրերի նշանակության հողատարածքի վերաբերյալ 2014 թվականի հոկտեմբերի 29-ին կազմել է կեղծ քաղվածք՝ դրանում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ մտցնելով այն մասին, թե իբրև նշված հողատարածքը հանդիսանում է համայնքի ղեկավարի անվամբ գրանցված տնամերձ հողամաս: Դրա հիման վրա համայնքի ղեկավարի տեղակալը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, համայնքի ղեկավարի փոխարեն կայացրել է հատկացված հողամասից ավելի՝ 0.1359 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ վերջինիս սեփականության իրավունքը ճանաչելու մասին որոշում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: 

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ համայնքի ղեկավարը վերը նշված՝ կեղծ փաստաթուղթ հանդիսացող քաղվածքները մյուս անհրաժեշտ փաստաթղթերի հետ 2014 թվականի նոյեմբերին ներկայացրել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, որտեղից տրված համապատասխան վկայականով գրանցվել է իր սեփականության իրավունքը վերը նշված 2 հողամասերի նկատմամբ:

Այսպիսով` համայնքի ղեկավարը կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ դիտավորությամբ կատարել է առանձնապես խոշոր չափերով հափշտակություն՝ համայնքին և համայնքի բնակչին պատկանող ընդհանուր 5.204.000 ՀՀ դրամ արժողությամբ 2 հողամասերի նկատմամբ խաբեությամբ ձեռք բերելով սեփականության իրավունք:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Բյուրական համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել 2003 թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ վերջինիս տեղակալին՝ նույն քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Հայերեն

Պակիստանի մայրաքաղաքում արգելվել է երեխաների ամուսնությունը

Արթուր Ավետիսյանը մարմնամարզության ԵԱ-ում բրոնզե մեդալակիր է

Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհուրդը հերթական նիստն է գումարել

Բենքսին ներկայացրել է նոր գրաֆիտի, սակայն դրա գտնվելու վայրը գաղտնի է պահում

Կայացել է ՆԳՆ ոստիկանության հրաձգության առաջնությունը

ՀՀ նախագահը ծրագրային ելույթով է հանդես եկել ՀՊՏՀ-ում անցկացված «Ներդրումներ, տարածքային զարգացում, լոգիստիկա» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

ԱՄՆ-ն Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին հրադադարի նոր առաջարկներ է փոխանցել

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Եվրասիական կապիտալի շուկաների միության 30-ամյակին նվիրված համաժողովին

Ուկրաինան խաղաղության հուշագրում պահանջում է հրադադար ցամաքում, ծովում և օդում․NYT

Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է Շիրակի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին