Մշակույթի զարգացման հիմնադրամը որոշ թանգարանների բրենդավորման և մարքետինգային ռազմավարություններ է մշակում
6 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ Մշակույթի զարգացման հիմնադրամի գրասենյակի բացման արարողությունը: Հիմնադրամը ստեղծվել է 2024 թվականին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ տվյալ կառույցն ունի մի քանի հիմնական նպատակ։ Նախևառաջ նախարարությունը փորձում է հիմնադրամի գործարկման միջոցով բարձրացնել թանգարանների կառավարման արդյունավետությունը, հետևաբար նախատեսվում է վարչատնտեսական կառավարումը պատվիրակել հիմնադրամին, և անհրաժեշտ իրավակարգավորումներն արդեն իսկ արված են։
«Առաջիկայում թանգարանների վարչատնտեսական գործառույթները կփոխանցվեն հիմնադրամին։ Բացի դրանից, մենք շատ կարևորում ենք թանգարանների մարքետինգային միասնական քաղաքականությունը, որը նաև պետք է նպաստի մեր տեսանելիության բարձրացմանը, այցելությունների մեծացմանը։ Այդ իմաստով՝ հիմնադրամն արդեն իսկ որոշ թանգարանների թե՛ բրենդավորման, թե՛ մարքետինգային ռազմավարությունների մշակման փուլում է։ Այստեղ շատ մեծ աշխատանք ունենք անելու, ուստի առաջիկայում արդեն կտեսնենք այդ քաղաքականության առաջին արդյունքները»,- ասաց ԿԳՄՍ նախարարը։
Նրա խոսքով՝ կարևոր բաղադրիչ է դիտարկվում հուշանվերների վաճառքի ավելի համակարգված մոտեցումը, և այդ նպատակով քննարկվում է մասնավոր սեկտորի հետ համագործակցության հնարավորությունը՝ հատկապես հուշանվերների արտադրության ու այնուհետև վաճառքի տրամաբանության մեջ։
«Ընդհանրապես նորովի վերապլանավորվում է թանգարաններում հուշանվերների վաճառքի խանութների հատվածը, որպեսզի դրանք լինեն ավելի տեսանելի, և, ինչպես ամբողջ աշխարհում է, դա նաև թանգարան այցելելու մշակույթի մի մասն է։ Մենք նախորդ տարի ներդրել ենք նաև թանգարանների միասնական էլեկտրոնային տոմսային համակարգը, որն արդեն գործում է։ Այդ համակարգում նաև առանձին հուշանվերների առցանց վաճառքի հնարավորություններ կան, ուստի պարբերաբար պետք է թարմացվի տեսականին, որպեսզի հուշանվերները մաս կազմեն տարբեր առիթներով միջոցառումների, քանի որ դրանք օրիգինալ են ու նաև հանրահռչակում են թանգարանների հավաքածուները, առավել ևս, որ կազմվում են թանգարաններում պահվող մշակութային արժեքների հիման վրա»,- ասաց Անդրեասյանը։
Նախարարը հավելեց, որ Մշակույթի զարգացման հիմնադրամի գործունեությունը շատ կարևոր է նաև թանգարանների միջազգային համագործակցության խթանման առումով, մանավանդ որ կա առանձին ուղղություն, որը զբաղվում է հենց այդ գործառույթով։ Այդ համատեքստում նախատեսվում է նոր կապերի հաստատում միջազգային հեղինակավոր թանգարանների հետ՝ համատեղ ցուցադրություններ իրականացնելու նպատակով, ինչը նույնպես պետք է լինի համակարգված քաղաքականության արգասիք։
Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Ավետիսյանն իր հերթին նշեց, որ կառույցի գործունեության ընդհանուր մոդելը վերցվել է տարբեր երկրների աշխատանքային համադրված փորձից, քանի որ կար նաև ադապտացիայի խնդիր հայաստանյան իրականության մեջ։
«Մեր աշխատանքը բաղկացած է տարբեր բաղադրիչներից՝ մարքետինգային քաղաքականությունից մինչև վարչարարություն։ Գլխավոր նպատակը մեր թանգարանների՝ տարբեր գործառույթներով պայմանավորված ծանրաբեռնվածության թոթափումն է։ Պետք է հասնենք նրան, որ ինչ-որ կետում թանգարանները զբաղվեն միայն արվեստի բաղադրիչով, իսկ մնացած գործառույթներով հիմնադրամը կաջակցի նրանց։ Սա հարաբերությունների և գործիքակազմի փոխլրացնող գործոն է։ Բաղադրիչներից յուրաքանչյուրով կան ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրեր»,- ասաց Ավետիսյանը։
Նա տեղեկացրեց, որ շուտով Պատմության թանգարանում ավարտին կհասցվի Անահիտ աստվածուհու ցուցադրությունը, որն իրականացվեց Բրիտանական թանգարանի հետ համատեղ նախագծով։ Կարևոր էր նաև Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում հայկական տաղավարի բովանդակությունը, որն իրականացվեց ԹՈՒՄՈ-Ի հետ։ Իրականացվել են նաև Սուրբ ծննդյան տոնավաճառներ Ավստրիայում և Հայաստանում։
«Ծրագրերը շարունակվում են։ Հիմա մտել ենք գործնական փուլ և ակնկալում ենք մի շարք նախագծերի իրականացում, թեև մեր հիմնադրամը նորաստեղծ կառույց է և ստեղծվել է անցյալ տարի։ Այժմ հավաքագրում ենք միջազգային գործընկերների հետ հաստատված կապերը՝ ձևավորելով համագործակցության բազա։ Նախատեսում ենք սերտ համագործակցություն հատկապես մասնավոր սեկտորի հետ, որովհետև հիմնադրամը ձևաչափով և բնույթով ավելի ազատ է այդ հատվածի հետ հարաբերվելու առումով, մանավանդ որ մեր ոլորտում մասնավորի աջակցության կարիքը կա։ Հիմնադրամը կամուրջ կհանդիսանա պետության ու թանգարանների, ինչպես նաև միջազգային տարբեր ինստիտուտների ու հայաստանյան թանգարանների միջև։ Ուղղությունները շատ են, որոնք պետք է համակարգվեն»,- նշեց Ավետիսյանը։