Վրաստան

Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման

3 րոպեի ընթերցում

Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման

Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մեղավոր է ճանաչել ավելի քան 3,2 միլիոն դոլար պետական ​​միջոցների յուրացման մեջ և դատապարտել 9 տարվա ազատազրկման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է վրացական Mtavari հեռուստաալիքը։ 

Նա նաև 3 տարի ժամկետով զրկվել է պետական ​​ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից։

Սաակաշվիլիի ազատազրկման ժամկետը՝ 2021 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի մարտի 12-ը, կհամարվի պատժի ժամկետի մաս։ 

Նույն գործի շրջանակներում դատարանը մեղավոր է ճանաչել նաև Սաակաշվիլիի անվտանգության նախկին ղեկավար Թեյմուրազ Ջանաշիային՝ պարտավորեցնելով նրան վճարել 3000 լարի (ավելի քան 1000 դոլար) տուգանք։

Սաակաշվիլին ներկա չի եղել դատավճռի հրապարակմանը և չի միացել տեսակոնֆերանսի միջոցով։ Դատավոր Բադրի Կոչլամազաշվիլիի խոսքով՝ նախկին նախագահը առողջական խնդիրների պատճառներով չի ցանկացել մասնակցել նիստին։ Դատավճիռը դատարանի դահլիճում դժգոհություն է առաջացրել Սաակաշվիլիի կողմնակիցների շրջանում, և նրանց հեռացրել են։

Սաակաշվիլիին մեղադրանք է առաջադրվել 2014 թվականին պետական ​​միջոցները յուրացնելու համար։ Գլխավոր դատախազության տվյալներով՝ այդ գումարի զգալի մասը 2009-2012 թվականներին ծախսվել է քաղաքական գործչի անձնական կարիքների համար, մասնավորապես՝ «օտարերկրյա խոհարարների, մերսողների, կոսմետոլոգների և դիզայների ծառայությունների համար», ինչպես նաև շքեղ իրեր ձեռք բերելու, զբոսանավերի և ինքնաթիռների վարձակալության, օտարերկրյա ուղևորությունների ժամանակ ինքնաթիռների վարձակալության, ինչպես նաև ուղեկցող անձանց ծախսերի վճարման համար։

Սաակաշվիլին, որն այժմ Ուկրաինայի քաղաքացի է, Վրաստանից հեռացել է 2013 թվականին, ինչից հետո նրա դեմ երկրում հարուցվել է չորս քրեական գործ, որոնցից երկուսով քաղաքական գործչին հեռակա դատապարտել են երեք և վեց տարվա ազատազրկման։ 2007 թ. նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքի ցրման, վրացական «Իմեդի» հեռուստաընկերության գրասենյակի ավերման և մոտ 9 միլիոն լարիի (ավելի քան 3,2 միլիոն դոլար) պետական ​​միջոցների յուրացման գործերը գտնվում էին քննարկման փուլում։ 

2021 թ. հոկտեմբերին Սաակաշվիլին գաղտնի ժամանել է Վրաստան, բայց ձերբակալվել է, ինչից հետո նրան առաջադրվել է նոր մեղադրանք՝ սահմանի ապօրինի հատում։ 2022 թ. մայիսին առողջական վիճակի վատթարացման պատճառով նրան տեղափոխել են Թբիլիսիի «Վիվամեդ» մասնավոր կլինիկա, որտեղ նա այժմ գտնվում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում