Վրաստան

Վրաստանում ավարտվել են Սաակաշվիլիի գործով դատական լսումները

3 րոպեի ընթերցում

Վրաստանում ավարտվել են Սաակաշվիլիի գործով դատական լսումները

Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավորն ավարտել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կողմից մոտ 9 մլն լարիի (ավելի քան 3,2 մլն դոլար) զեղծարարության  գործով դատական լսումները։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Դատավոր Բադրի Կոչլամազաշվիլին լսել է մեղադրող կողմի և Սաակաշվիլիի փաստաբանների եզրափակիչ ելույթները, ինչից հետո հեռացել է՝ վճիռ կայացնելու համար։ Դատավորը կարող է դատավճիռ կայացնել ինչպես մի քանի ժամից, այնպես էլ մի քանի օրից հետո։ Օրենսդրությունը նրան այս հարցում չի սահմանափակում։ Կոչլամազաշվիլին չի նշել կոնկրետ ժամանակը, թե երբ է ընթերցվելու դատավճիռը։

Սաակաշվիլիին պետական ​​միջոցների զեղծարարության  մեղադրանք է առաջադրվել 2014 թվականին: Գլխավոր դատախազության տվյալներով՝ այդ գումարի զգալի մասը ծախսվել է 2009-2012 թվականներին քաղաքական գործչի անձնական կարիքների համար, մասնավորապես՝ «օտարերկրացի խոհարարների, մերսողների, կոսմետոլոգների և դիզայների ծառայությունների, ինչպես նաև պերճանքի առարկաների ձեռքբերման, արտասահմանյան ուղևորությունների ընթացքում զբոսանավերի և ինքնաթիռների վարձակալության, ուղեկցող անձանց վարձատրման համար»։ Այդ գործով անցնում է նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, Սաակաշվիլիի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Թեյմուրազ Ջանաշիան։ Սույն  գործով առավելագույն պատիժն 9 տարվա բանտարկություն է։

Սաակաշվիլին, որն այժմ Ուկրաինայի քաղաքացի է, Վրաստանից հեռացել է 2013 թվականին, ինչից հետո նրա դեմ երկրում հարուցվել է չորս քրեական գործ, որոնցից երկուսով քաղաքական գործչին հեռակա դատապարտել են երեք և վեց տարվա ազատազրկման։ 2007 թ. նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքի ցրման, վրացական «Իմեդի» հեռուստաընկերության գրասենյակի ավերման և մոտ 9 միլիոն լարիի (ավելի քան 3,2 միլիոն դոլար) պետական ​​միջոցների զեղծարարության գործերը գտնվում են քննարկման փուլում։ 

2021 թ. հոկտեմբերին Սաակաշվիլին գաղտնի ժամանել է Վրաստան, բայց ձերբակալվել է, ինչից հետո նրան առաջադրվել է նոր մեղադրանք՝ սահմանի ապօրինի հատում։ 2022 թ. մայիսին առողջական վիճակի վատթարացման պատճառով նրան տեղափոխել են Թբիլիսիի «Վիվամեդ» մասնավոր կլինիկա, որտեղ նա այժմ գտնվում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում