Թմրամիջոցների տարածման կանխարգելման հանձնաժողովն ամփոփել է 2024-ը և քննարկել գործիքակազմերի ու փոխգործակցության զարգացումը
6 րոպեի ընթերցում
Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունքները, կանխարգելիչ նոր մեթոդները և գերատեսչությունների համագործակցության զարգացումը եղել է Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և դրանց անօրինական տարածման կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի մարտի 5-ի նիստի օրակարգում։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։
«Ի՞նչ արդյունքներ են արձանագրվել 2024 թվականին, ի՞նչ նոր գործիքակազմեր են մշակվում կանխարգելման ուղղությամբ, և ինչպե՞ս է զարգանում փոխգործակցությունը ոլորտում. այս և այլ կարևոր հարցեր մարտի 5-ին քննարկվեցին Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և դրանց անօրինական տարածման կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում։
Ընդգծելով թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ ներդրված բազմակողմ ջանքերը՝ հանձնաժողովի նախագահ, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը կարևորեց հատկապես անչափահասների իրազեկման աշխատանքներում ոլորտային մասնագետների ներգրավման անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ կանխարգելման հաջողությունը մեծապես կախված է կրթական և հոգեբանական մոտեցումների արդյունավետ համադրումից։
Վարդան Վարդանյանը նշեց, որ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը պահանջում է շարունակական վերահսկողություն, նորարարական մեթոդների ներդրում և շահագրգիռ կառույցների սերտ համագործակցություն։ Միայն համակարգված և հետևողական միջոցառումների իրականացման միջոցով հնարավոր կլինի հասնել ցանկալի արդյունքի թե՛ կանխարգելման, թե՛ բացահայտման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ ԿԳՄՍ նախարարության Ռազմավարական պլանավորման բաժնի պետ Վերոնիկա Խորասանյանն ընդգծել է. «Խնդրին պետք է մոտենալ մի քանի տեսանկյունից, և մեկ գերատեսչության ուսերին թողնել այդ պայքարը, ուղղակի անհնար է։ Այդ առումով պետք է ներգրավված լինեն թե՛ հասարակությունը, թե՛ պետական մարմինները, թե ՛ՀԿ-ները` ընդհանուր առավել լավ արդյունքի հասնելու համար»:
Նիստում ներկայացվել են 2024 թվականի ընթացքում թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու ամփոփվել արդյունքները։
Նշվում է, որ ակտիվ քննարկում է ծավալվել անչափահասների շրջանում թմրամիջոցների անօրինական շրջանառության կանխարգելման հնարավոր գործիքակազմերի, դրանց կիրառելիության, իրավապահ ու կրթական համակարգերի համագործակցության նոր ձևաչափերի շուրջ։
«Այս հարցում լուրջ ներդրում ունեն նաև ծնողները: Կարծում եմ՝ պակաս կարևոր չէ, եթե համապատասխան գերատեսչությունները գործողություններ ձեռնարկեն ծնողների հետ թիրախային աշխատելու ուղղությամբ։ Ուսուցիչների ուսերին լուրջ բեռ է դրված՝ ճիշտ մատուցելու, ճիշտ ներկայացնելու, ճիշտ կրթելու ոչ միայն ակադեմիական գիտելիքներ, այլ նաև առողջ ապրելակերպ քարոզելու և արդարամիտ քաղաքացի դաստիարակելու համար»,-նշեց ԿԳՄՍ նախարարության Ռազմավարական պլանավորման բաժնի պետ Վերոնիկա Խորասանյանը։
Կարևորելով իրազեկման և կանխարգելման գործում ծնողների և ուսուցիչների դերը՝ ՆԳ նախարարության նախաձեռնությամբ նրանց համար մշակվում է ուղեցույց, ինչը, հանձնաժողովի նախագահի համոզմամբ, կարևոր քայլ է առաջին օղակից թմրանյութերի վտանգների մասին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու և անչափահասներին թմրանյութերից զերծ պահելու ուղղությամբ։
Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Էդգար Պետրոսյանի խոսքով՝ «ՆԳՆ ոստիկանությունը վերահաստատեց այն հանձնառությունը, որ թմրանյութերի ապօրինի շրջանառության նախականխման աշխատանքներում իրազեկման աստիճանը բարձրացնելու, այդ աշխատանքներն առավել արդյունավետ կատարելու համար նախաձեռնված ուղեցույցի մշակման աշխատանքները, որն իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի մեր գործընկերների հետ համատեղ, ավարտին հասցվեն: Ընդ որում` նաև կրթության ոլորտի մեր գործընկերները ցանկություն հայտնեցին միանալ այդ աշխատանքներին և համատեղ աշխատանքներով իրագործել այն»։
ՀՀ ՆԳՆ տեղեկացմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և դրանց անօրինական տարածման կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի նիստի օրակարգում էր նաև գերատեսչությունների միջև տեղեկությունների փոխանակման կարգը, ձևաչափը և ժամկետները սահմանող միջգերատեսչական փաստաթղթի ստորագրման վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած առաջարկությունը։
Նիստի ավարտին մասնակիցները ներկայացրին առաջարկություններ՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։
Հանձնաժողովի կազմում ներգրավված են ՆԳ նախարարության ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Գլխավոր դատախազության, Պաշտպանության, Առողջապահության, Արդարադատության և ԿԳՄՍ նախարարությունների, Քննչական և Պետական եկամուտների կոմիտեների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ։