Հայկ Սարգսյանն առաջարկում է 10 տոկոս շրջանառության հարկ սահմանել շահումով խաղերի ոլորտի համար

4 րոպեի ընթերցում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկում է շահումով խաղերի և բուքմեյքերական գործունեության համար սահմանել 10 տոկոս շրջանառության հարկ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ նա նշեց, որ վերջին 13 տարիներին շահումով խաղերի և բուքմեյքերական գործունեության ծավալները կտրուկ աճել են։ 

«Եթե 2010 թվականին շրջանառության ծավալները կազմում էին 35 միլիոն դոլար, իսկ հարկերի հարաբերակցությունը 2,6 միլիոն դոլար էր կամ 7,2 տոկոս, ապա 2010-2023 թվականների ընթացքում գործունեության ծավալն աճել է ավելի քան 440 անգամ և 2023 թվականին ծավալները կազմել են 15,8 միլիարդ դոլար, իսկ հավաքագրվող հարկերը կազմել են 67 միլիոն դոլար կամ ծավալի 0,4 տոկոսը։ Երբ նայում ենք հարկերի տեսակարար կշիռը ծավալում, տեսնում ենք, որ 2010 թվականին հարկերի տեսակարար կշիռը 7,2 տոկոս էր՝ մինչդեռ 2023 թվականին հարկերի տեսակարար կշիռը իջել է և հասել է 0,4 տոկոսի»,- ընդգծեց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ վերջին հինգ տարիների ընթացքում մի շարք օրենսդրական փոփոխություններ են իրականացվել, որոնք առաջին հայացքից գալիս էին սահմանափակելու և կրճատելու ծավալները, սակայն դրանք, ինչպես ցույց տվեց ժամանակը, այդքան էլ նպատակին չծառայեցին։  

«2019 թվականին օրենքով արգելվեց գրասենյակներով բուքմեյքերական գործունեություն ծավալելու հնարավորությունը։ Խաղացողները տեղափոխվեցին առցանց հարթակ, որտեղ սկսեցին հարյուրապատիկ ավելի շատ մեծ գումարներ վատնել, իսկ բուքմեյքերական գործունեությամբ զբաղվողները կրճատեցին իրենց ծախսերը գրասենյակ պահելու, աշխատավարձեր վճարելու և դրանցից առաջացող հարկեր վճարելու մասով։ 2019 թվականին օրենքով արգելվեց բուքմեյքերական գործունեության գովազդը։ Այս քայլով նույնպես կրճատվեցին բուքմեյքերական ընկերությունների միլիոնավոր դոլարների ծախսերը հարկերի և պետական տեղական տուրքերի մասով։  

Բացի ծախսեր կրճատելուց, այս քայլով Հայաստանում գործող ընկերությունները ստացան շուկան իրենց ձեռքում պահելու բացարձակ մենաշնորհ, քանի որ այլ ընկերություններն այլևս չէին կարող ձևավորվել կամ մուտք գործել հայկական շուկա։  

Վերջին 5 տարիների ընթացքում կատարվել են մի շարք փոփոխություններ,որոնք միտված են եղել հարկային բեռի բարձրացմանը, սակայն, ինչպես ցույց է տալիս վերլուծությունը, ձեռնարկված քայլերը բավարար չեն և անհրաժեշտ է հարկային բեռը կրկին բարձրացնել»,- ընդգծեց Սարգսյանը։

Ներկայացված նախագծով նախատեսվում է 10 տոկոս շրջանառության հարկ սահմանել շահումով խաղերի ոլորտի համար՝ գործող հարկերից ու տուրքերից բացի։ 

«Վերլուծելով միջազգային փորձը, տեսնում ենք, որ բազմաթիվ երկրներում սահմանված են  10 տոկոս և ավելի բարձր շրջանառության հարկ։ Մասնավորապես՝ Վրաստանում 10 տոկոս, Ավստրալիայում 15 տոկոս, Գերմանիայում 5-20 տոկոս, Իտալիայում 20-22 տոկոս, Լեհաստանում 12 տոկոս, Պորտուգալիայում 8-16 տոկոս, Իսպանիայում 8-10 տոկոս, Հունգարիայում 15 տոկոս»,- եզրափակեց Սարգսյանը։ 

Հայերեն English

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ