Եվրոպա

Համաշխարհային ՀՆԱ-ն 7%-ով կարող է կրճատվել ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սահմանման դեպքում. եվրահանձնակատար

2 րոպեի ընթերցում

REUTERS
REUTERS

Եվրամիության նկատմամբ ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սահմանումը կարող է հանգեցնել գլոբալ տնտեսական մասնատման գործընթացի, ինչը միջնաժամկետ հեռանկարում կհանգեցնի համաշխարհային ՀՆԱ-ի 7%-ով կրճատման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է էկոնոմիկայի հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը։

Նա ափսոսանք է հայտնել մաքսատուրքեր սահմանելու Վաշինգտոնի մտադրության կապակցությամբ և դրանք համարել է չհիմնավորված։ 

«Ավելին, դրանք խնդրահարույց կլինեն տնտեսական աճի համար ինչպես ԵՄ-ում, այնպես էլ ԱՄՆ-ում»,- եվրահանձնակատարն ասել է իսպանական El Mundo թերթին տված հարցազրույցում։

«Մաքսատուրքերի սահմանման դեպքում առկա է գլոբալ տնտեսական մասնատման իրական վտանգ։ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամբ, եթե այս տնտեսական մասնատումը տեղի ունենա, և առևտուրը կենտրոնանա հիմնականում որոշակի տնտեսական բլոկների շրջանակներում, ապա համաշխարհային ՀՆԱ-ն կարող է կրճատվել 7%ով: Դա համարժեք կլինի Գերմանիայի և Ֆրանսիայի միագումար ՀՆԱ-ն համաշխարհային տնտեսության քարտեզից ջնջելուն», - հավելել է Դոմբրովսկիսը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր կաբինետի առաջին նիստում հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն արդեն որոշում է ընդունել Եվրամիությունից ապրանքների մատակարարման համար 25 %-ի չափով մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ, և այդ մասին առաջիկայում կհայտարարվի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում