Հայաստան

Գավառի համայնքապետարանի ենթակայությամբ գործող թվով 10 հաստատությունների շենքերի տանիքներին տեղադրվել են արևային ֆոտովոլտային համակարգեր

3 րոպեի ընթերցում

Գավառի համայնքապետարանի ենթակայությամբ գործող թվով 10 հաստատությունների  շենքերի տանիքներին տեղադրվել են արևային ֆոտովոլտային համակարգեր

Գավառի համայնքապետարանի ենթակայությամբ գործող թվով 10 ՀՈԱԿ-ների շենքերի տանիքներին տեղադրվել են արևային ֆոտովոլտային համակարգեր։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, աշխատանքներն  իրականացվել են ՀՀ  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարության հետ համագործակցությամբ, «ԵՄ-ն հայկական համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի համար» ծրագրի շրջանակներում, Եվրոպական  Միության  և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության համաֆինանսավորմամբ։ 

Ծրագրի շրջանակներում Գավառ քաղաքում իրականացվել է  «Ձեր արևային կայանի ապահով և արդյունավետ սպասարկումը» թեմայով իրազեկման դասընթաց, որի ընթացքում ծրագրի շահառու ՀՈԱԿ-ների ներկայացուցիչները ծանոթացել են  արևային ֆոտովոլտային համակարգերի շահագործման ձևերին ու ծրագրի շրջանակներում իրենց անելիքներին։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 17 միլիոն 800 հազար դրամ, որից 9 միլիոն 116 հազար դրամը համաֆինանսավորման սկզբունքով տրամադրել է Գավառի համայնքապետարանը։ 

Արևային կայանների տեղադրման աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի դեկտեմբերից և ավարտվել 2025 թվականի փետրվարի կեսերին։ Դրանք ընդհանուր ցանցին կմիացվեն  առաջիկա օրերի ընթացքում։ 

Գավառ համայնքում արևային 8-10 կիլովատտ ժամ արևային կայաններ տեղադրվել են Գավառի թիվ 3, 5, 7,  Սարուխանի թիվ 1,2 , Նորատուսի թիվ 1, 2, Գանձակի մանկապարտեզների, Սարուխանի և Գավառի արվեստի դպրոցների տանիքներին։ 

Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանի հավաստմամբ՝ այս կայանների գործարկմամբ տվյալ հաստատություններում ոչ միայն ձևավորվում են խնայողություններ, այլ նաև քայլեր են արվում՝ այդ խնայողությունների հաշվին նախադպրոցական հաստատությունների ու արվեստի դպրոցների տարածքներում գիշերային  լուսավորություններ ապահովելու ուղղությամբ։ 

«Էներգախնայողության հիմնադրամի» փորձագետ Անժելա Մանասյանի տեղեկացմամբ՝ իրենց կողմից  ծրագրում ընդգրկելու նախապատվությունը տրվել է   այն հաստատություններին, որոնցում նախկինում իրականացվել են էներգախնայողության այլ ծրագրեր։

Խոսրով Խլղաթյան

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում