Մամուլի սրահ

Երևանում կանցկացվի ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդես

3 րոպեի ընթերցում

Երևանում կանցկացվի ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդես

Հայաստանում ապրիլի 4-6-ը կանցկացվի ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդես և բիզնես ֆորում։ Միջոցառումն իրականացնում է Զբոսաշրջության կոմիտեն, Տուրիզմի հայկական ֆեդերացիան։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը տեղեկացրեց, որ սա զբոսաշրջության ոլորտում աննախադեպ միջոցառում է, որը մեկ տեղում հավաքելու է շահագրգիռ բոլոր կողմերին։ 

«Միջոցառումն անցկացվելու է մարզահամերգային համալիրում։ Մեկ տեղում հավաքվելու են տուրիստական օպերատորները, հյուրանոցները, ավիաընկերությունները։ Շատ կարևոր է IT ընկերությունների մասնակցությունը, որոնք ներկայացնելու են զբոսաշրջության ոլորտին միտված իրենց թվային լուծումները։ Սպասվող կարևոր միջացառմանը մասնակցելու են ինչպես տարբեր երկրներից պետական կառույցների, այնպես էլ մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ։ Սա լավ հնարավորություն է նաև տեղական ու հատկապես մարզային մեր կազմակերպությունների համար, որ գտնեն նոր գործընկերներ»,-ասաց Լուսինե Գևորգյանը՝ հավելելով, որ ԱԳՆ-ի հետ համատեղ ռեսուրսները ներդնելու են, որ հնարավորինս շատ միջազգային գործընկերների ներգրավեն։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը տեղեկացրեց, որ մասնակցության աշխարհագրությունը բավական ընդգրկուն է։ Հետաքրքրվածություն են ցուցաբերել տարածաշրջանային հարևան երկրները՝ Իրանը, Վրաստանը, արձագանքներ կան հետխորհրդային երկրներից, Եվրոպայից, Ասիայից։ 

«Շատ լավ հնարավորություն է միջազգային համագործակցությունը խթանելու համար, ինչպես նաև ներքին զբոսաշրջությունը զարգացնելու տեսանկյունից։ Միջոցառումը բավական հետաքրքրիր կլինի Հայաստանի բնակիչների համար, քանի որ մեկ տեղում բազմաթիվ արտագնա առաջարկներ, փաթեթներ են ներկայացնելու, իսկ դա նշանակում է նոր ուղղություններ բացահայտելու լավ հնարավորություն է»,-ասաց Մեխակ Ապրեսյանը։ 

Սպասվող միջոցառմանը միջազգային գործընկերներին ներկայացվելու են հայաստանյան զբոսաշրջային հնարավորությունները, բազմազան պորդուկտներ։ Շեշտադրվելու են նաև տարածաշրջանային երկրների հետ համատեղ զբոսաշրջային փաթեթներ ձևավորելու հնարավորությունները։ Զբոսաշրջիկներ ներգրավելու տեսանկյունից Հայաստանի համար թիրախային ուղղություններ են արաբական երկրները։ Բավական մեծ հետաքրություն կա Էմիրություններից, Քուվեյթից, Օմանից և այլն։ Հաջորդ թիրախային ուղղությունն ասիական երկրներն են, հատկապես Չինաստանն ու Ճապոնիան։ 

Կազմակերպիչները վստահեցնում են, որ այս կարևոր միջացառումը դառնալու է ավանդական և մտադիր են այն այնպիսի մասշտաբային ու նշանակալի դարձնել, որ իր ուրույն տեղը գտնի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսների քարտեզում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում